Նոյեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցավ «Սոցիալական ձեռնարկատիրության ներկան և ապագան» խորագրով վեհաժողովը, որն ունեցավ ակտիվ ընթացք։
Հրավիրված 8 խոսնակներն իրենց ելույթներում խոսեցին ՍՁ-ներին վերաբերող կարևորագույն թեմաներից։
Համաժողովը բացեց «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» նախագահ Սուրեն Մխիթարյանը։ Նա նշեց, որ այս դաշտը Հայաստանում մեծ զարգացում է ապրել ու շարունակում է ընթանալ ճիշտ ուղղով։
Խոսնակներից Արեգ Թադևոսյանը խոսեց ՍՁ-ների մասին ու հստակ ընդգծեց դրանց դերն ու ուժը համակարգային փոփոխություններ բերելու գործում։
ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը կարևորեց սոցիալական ձեռնարկատիրոջ կրթությունը։ Ռուբենի խոսքով, շատ կարևոր է առաջնորդ լինելը, իսկ այդ հատկությունը մարդկանց մոտ զարգանում է կյանքի բարդ շրջաններում։
«Անկախ նրանից դուք 4 տարեկան եք, թե 54, կարող եք զարգացնել ձեր առաջնորդի հատկությունները։ Տարբերությունն այստեղ միայն մեթոդների մեջ է»։ Նրա խոսքով, որքան էլ զարգանա արհեստական բանականությունը, առաջիկա 100 տարիների ընթացքում չի կարողանա փոխարինել առաջնորդին, հակառակը, կմեծացնի նրա դերը։
Խոսնակներից Մարինա Մխիթարյանը խոսեց նորարարությունների մասին ու հստակեցրեց դրանց դերը զարգացման մեջ։
Մարինայի խոսքով «Նորարարությունն ավելի շատ փաստ է, ոչ թե գործընթաց, իսկ նորարարություն կատարելն ավելի շատ գործընթաց է, քան փաստ»։ Նա հավելեց, որ մարդու բնազդն է ավելին տեսնելը, ինչն էլ հանգեցնում է նորարարությունների։
Չորս խոսնակների ելույթներից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում, ինչից հետո ելույթներով հանդես եկան ևս չորս խոսնակ՝ Սաթիկ Բադեյանը, Ինգա Հարությունյանը, Անուշիկ Ավիկյանը, Գոհար Մկոյանը, ներկայացնելով, համապտասխանաբար, հետևյալ թեմաները՝ «Համայնքների զարգացումը թաքնված հնարավորությունների հիման վրա», «Սիներգիաները որպես մրցակցության հակադիր ուժ», «Մարքեթինգի և վաճառքի գործիքները ՍՁ-ների կտրուկ զարգացման համար», «Հետևություններ ավելի քան 350 ՍՁ-ների կրթումից»։
Համաժողովի ընթացքում ՀՍՁԱ-ն մրցանակներ հանձնեց տարվա լավագույն աջակից և տարվա լավագույն գործընկեր անվանակարգերում։ Վերջինիս արժանացավ Impact Hub Yerevan-ը։
Armenian SME-ն համաժողովի լուսաբանումն իրականացրեց տեղից։
Նշենք, որ վեհաժողովը կազմակերպել էր «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան (ASEA)՝ «Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության» կենտրոնի (CIPE) ֆինանսական աջակցությամբ՝ «Ուժեղ պալատներ և ասոցիացիաներ՝ շահերի ուժեղ պաշտպաններ» ծրագրի շրջանակում։