ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 6-ին կազմակերպվել էր «Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկում՝ նվիրված հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես-նախագծերի իրականացմանը։
Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, Հայաստանից Իրան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրները, իրանական շուկա ապրանքների մուտքի առանձնահատկությունները, դրա վերաբերյալ խորհրդատվություն ստանալու մեխանիզմները և գործարարներին հետաքրքրող այլ հարցեր։
Արմեն Արզումանյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրաշրջանառությունը այս տարվա 10 ամիսների ընթացքում բավական աճել է․ նախորդ տարվա համեմատ ցուցանիշների մոտ 45,5% աճ է գրանցվել։ Երկու երկրների միջև ձևավորվել է լավ բիզնես համագործակցություն, որն առավել խթանելու համար պետք է ակտիվորեն զարգացնել փոխգործակցությունը։
Վարդան Կոստանյանն իր խոսքում նշել է, որ առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն 100-ից ավել իրանական ընկերություններ: