Արդեն 2 օր է, ինչ Արցախը կտրված է աշխարհից: Շուրջ 50 ժամ կապ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ ուղղակի չկա: Պարզից էլ պարզ է, որ նման դեպքերում բոլորը փորձում են միանգամից «միջազգային հանրության» ուշադրությունը սևեռել Արցախում տեղի ունեցող իրավիճակին:
Փաստ է մեկ բան: Որքան երկար կտրված մնա Արցախը իրենց բնապահպան հռչակած ադրբեջանցիների պատճառով, այդքան վիճակը կսրվի: Կսրվի ոչ միայն Արցախում՝ այլև Հայաստանում:
Թողնելով բոլոր քաղաքական ենթատեքստերն անցում կատարենք գլխավոր խնդիրներից մեկին՝ պարենային անվտանգությանը: Չնայած Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունները, գոնե այս առումով, փոքր-ինչ հուսադրող են՝
Իրավիճակն ավելի վատթարացավ, երբ երեկ երեկոյան, ձմռան խիստ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները որոշեցին դադարեցնել գազամատակարարումը դեպի Արցախ: Ի՞նչ խնդիրների կարող է բախվել արցախցին այս առումով, պարզ է գոնե գիտակցական նվազ մակարդակ ունեցողներին:
Ուսումնական գործընթացը դադարեցվեց այն դպրոցներում, որտեղ ջեռուցումն իրականացվում էր գազի միջոցով:

Կապույտ վառելիքի սակավ լինելն, այսօր արդեն, հանգեցրեց ավելի լուրջ խնդիրների, որին հետևեց վերոնշյալ շտաբի հերթական հայտարարությունը՝
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս:
Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Լցակայաններում վառելիք առաջնհերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին: Վառելիքի տրամադրման մեխանիզմների և ընթացակարգերի մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:
Իրավիճակը լարվում է, «բնապահպան» ադրբեջանցիների թիվը ավելանում, իսկ լուծումները՝ քչանում:
Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով իբր օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի «անօրինական շահագործումը» պետք է դադարեցվի:
«Հայաստանը ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին անօրինական օգտագործել է մեր ռեսուրսները և հարված է հասցրել շրջակա միջավայրին: Այժմ մենք ականատես ենք լինում նմանատիպ գործողությունների ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասել է Հաջիևը:

Ի՞նչ անօրինականությունների մասին է խոսքը, երբ տվյալ հանքավայրերը գտնվում են 20կմ-ի վրա ադրբեջանական գյուղից և միջազգային նորմեր չեն խախտում: Այս մասին երեկ հայտարարեց նաև Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Թե ի՞նչ կարևոր նշանակություն ունեն այս հանքերը Արցախի համար անհնար է բացատրել և համեմատությունների միջոցով պարզաբանել:
Միայն թվերը կարող են ներկայացնել ողջ ճշմարտությունը: Նախորդ տարվա մեջին եռամսյակում Դրմբոնի հանքավայրը շահագործող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը վճարել է շուրջ 8 միլիոն 870 հազար դրամ հարկ: Այդ թիվը ավելի մեծ է, քան 2-14 տեղերում գտնվող հարկ վճարողներինը միասին վերցրած: Դրանք ընդհանուր վճարել էին 8 միլիոն 671 հազար ՀՀ դրամ հարկ: Հարկատուների ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այս իրավիճակում մնում է միայն ուժ ու տոկոնություն մաղթել հայությանը և հետևողական քայլեր կիրառել խնդրի լուծման համար:
Դերենիկ Խաչատրյան