ARMSME

20000-40000 աշխատատեղ, «չոր նավահանգիստ», Գյումրի

Էկոնոմիկայի նախարարությունը վերջերս հայտարարություն տարածեց Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանին կից «չոր նավահանգիստ» ստեղծելու վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում էր, որ նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։

Այս մասին խոսակցությունները շատ էին։ Մարդիկ, հատկապես գյումրեցիները, ոչ ճիշտ ընկալելով «չոր նավահանգիստ» ասվածը, սկսեցին լրջորեն հետաքրքրվել դրանով։ Ոմանք կարծում են, որ այն հերթական, ոչ իրատեսական գաղափարն է, որն այդպես էլ կմնա թղթի վրա։ Որոշները մտածում են, որ սա լրջորեն կնպաստի տնտեսության զարգացմանն ու քաղաքի համար կունենա ահռելի նշանակություն։

Այս մասին մի քանի անգամ խոսեց նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ընդհանուր միտքը մեկն է՝ ստեղծվելու է լոգիստիկ կենտրոն, որտեղից հիմնական ուղղությունները լինելու են Բաթումիի ու Փոթիի նավահանգիստները։ Այստեղից էլ պարզ է «նավահանգստի» տեղակայման հարցը:

Armenian SME-ն տեղեկատվական հայտով դիմեց Էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի կարողանա հասկանալ հարցի էությունը։ Առանցքային կարևորության մի քանի հարցերի շուրջ դեռ նախարարությունում էլ (և ոչ միայն) են քննարկումներ ընթանում, բայց կան մի քանի կարևոր կետեր, որոնց ցանկանում ենք անդրադառնալ։

Նախագծի մեկնարկի ու ավարտի մասին հարցին նախարարությունից ստացանք հետևյալ պատասխանը՝

Նախագիծը նախատեսվում է ներկայացնել ՀՀ վարչապետի N 190-Ա որոշմամբ հաստատված ներդրումային կոմիտեի առաջիկա նիստին։ Կոմիտեի նախնական դրական գնահատականն ստանալուց հետո կվարձվի ընկերություն, որը կօգնի ճիշտ նախագծեր գործարկել։ Դրանից հետո, մրցույթի միջոցով կներգրավվի «լիազորված տնտեսական օպերատոր», որը նախատեսվում է, որ աշխարհում հայտնի նավահանգստային օպերատորներից մեկը կլինի։ Ծրագրով հետաքրքրված են մի շարք օպերատորներ արաբական երկրներից, եվրոպական, ինչպես նաև ասիական երկրներից։

Ծրագրի իրագործման արդյունքում երկարաժամկետում կստեղծվի 20000-40000 աշխատատեղ՝ հաշվի առնելով նաև ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցությունը Շիրակի մարզի, հատկապես՝ Գյումրի քաղաքի վրա։

Պատկերացնո՞ւմ եք: 20000-40000 աշխատատեղ, այն էլ աղքատության 2-րդ ցուցանիշն ունեցող Շիրակի մարզում՝ 56,6%։ Այս առումով Շիրակին «գերազանցում» է միայն Գեղարքունիքը` 57.2%։ (Տվյալները՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի)։

Եթե հարցին այլ տեսանկյունից նայենք, ապա պարզ կտեսնենք, որ գործազրկության մակարդակով ևս Շիրակը, մեղմ ասած, լավ վիճակում չէ: Այստեղ արդեն շիրակցիները «հաղթում են», նույնսիկ կարելի է ասել, մրցակցությունից դուրս են:

Աշխատանք փնտրողների թվաքանակը ըստ մարզերի 2020-2021թթ.-ին

Տվյալները Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության

Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2022թ.-ի հունվարի 1-ի դրությամբ  տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 86.4 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.8 %-ով։ 

Եթե հայացքներս ուղղենք միայն «գրանցված» աշխատանք փնտրողներին, ապա լավագույն տարբերակում՝ 40000 աշխատատեղ ապահովելու դեպքում, կարելի է մոտ 46.3%-ին ապահովել աշխատանքով, իսկ վատագույն տարբերակում՝ 20000-ի դեպքում, մոտ 23.1%-ին: Այստեղ հասկանալի է, որ «գրանցված» աշխատանք փնտրողներն ու իրական գործազրկության մակարդակը լրիվ տարբեր են ու նշված աշխատանք փնտրողներից քանի՞սը կհամաձայնի աշխատել այլ քաղաքում՝ հարցի մյուս կողմն է:

Հարկ է նշել նաև, որ ըստ Վիճակագրական կոմիտեի Հայաստանում 250-ից ավել աշխատող ունեցող ընդամենը 260 ընկերություն կա՝ 2020 թվականի դրությամբ: Այդ 260 ընկերություններից 170-նն էլ ոչ պետական են, մնացած 90-ը՝ պետական: Այդ ընկերություններում աշխատում է շուրջ 196271 մարդ: Այսինքն «չոր նավահանգիստը» կդառնա համար 1-ը մի շարք ասպեկտներում:

Պետական բյուջեից ֆինանսավորման մասին հարցին, նախարարությունում նշեցին, որ այս պահին ընթանում են քննարկումներ: Նույն կոնտեքստին է պատկանում նաև «չոր նավահանգստի» որևէ մեկի կամ պետության ենթակայության տակ գտնվելու մասին հարցի պատասխանը:

Ամեն դեպքում, բանակցություններ են ընթանում տարբեր ներդրողներ ներգրավելու վերաբերյալ: Նշվում է նաև, որ միաժամանակ, օպերատորը ևս կարող է հանդիսանալ ներդրող:

Փաստերից դուրս ենթադրություններ անել, հաստատել կամ հերքել որևէ նախագծի իրական լինելը չենք ցանկանում: Մնում է մեկ բան՝ հուսալ, որ այն իրականություն կդառնա ու կկարողանա լուծել բազում խնդիրներ:

Դերենիկ Խաչատրյան

Կիսվել նյութով