ARMSME

Հայաստանը օգնություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած Թուրքիային

Փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 30 000-ին։ Երեկ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա, իսկ հայ փրկարարների աշխատանքները երկրաշարժից տուժած Թուրքիայի Ադիյաման քաղաքում, սկսվել են փետրվարի 8-ից։

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքում։

Հայաստանը նաև 29 փրկարար է ուղարկել երկրաշարժից տուժած Թուրիքիայի հարևան Սիրիա։ Այդ երկրում Հայաստանի դեսպանատնից հայտնում են՝ փրկարարների հետ տեղ է հասել նաև մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։

Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում Կարո Փայլանը հրապարակել է տեսանյութ, որտեղ է երևում է, թե ինչպես են հայկական բեռնատարները հատում հայ-թուրքական սահմանը՝ 1993-ից փակված կամրջով։

100 տոննա բեռով 5 բեռնատարները առավոտյան անցան միակողմանիորեն բացված սահմանը Մարգարա-Ալիջան հատվածով և ուղևորվեցին Ադիյաման, որտեղ էլ գտնվում է հայ փրկարարական խումբը։

Այս առթիվ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը գրառում է կատարել իր թվիթերյան էջում․

«Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»։

Ինչպես նաև իր միկրոբլոգում Քըլըչը տեղեկացրել է, որ բացի 28 հոգանոց անձնակազմից և տեխնիկական սարքավորումներից՝ երկրաշարժից անմիջապես հետո 5 բեռնատար՝ 100 տոննա պարենամթերքով, դեղորայքով, ջրով և շտապ օգնության այլ փաթեթներով ուղևորվել են Ադիյաման:

Փետրվարի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»,- Փաշինյանին ասել էր Թուրքիայի նախագահը:

Հավելենք, որ ըստ Կարո Փալյանի հրապարակման երեկ հայ փրկարարները Ադիյամանում Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության խմբի հետ փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 8 տարեկան աղջիկ երեխայի։

Այսօր նույնպես Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ թիմերի համագործակցության արդյունքում երկու աղջիկներ ողջ են գտնվել։

«Համերաշխությունը կյանքեր է փրկում»,- նշել է հայազգի պատգամավորը։

Կիսվել նյութով