ARMSME

Համախառն ներքին արդյունքը աճել է 12,6 տոկոսով, արտահանման ծավալը՝ 77,7 տոկոսով. ասել է նախարարը

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Հանդպման սկզբում նախարարը շնորհավորել է բոլորին Գործարարի օրվա կապակցությամբ և բարձր գնահատել գործարար համայնքի դերը մեր երկրի ապագայի զարգացման գործում։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ գործարար համայնքի և պետության արդյունավետ համագործակցությունը նշանակալի ձեռքբերումների է հանգեցրել։ Ավելին, համախառն ներքին արդյունքը աճել է 12,6 տոկոսով, արտահանման ծավալը՝ 77,7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63,5 տոկոսով, ստեղծվել է առավել քան 44 հազար նոր աշխատատեղ։ Սա բացարձակ ռեկորդ է Հայաստանի պատմության ընթացքում։ Այս թվերը վկայում են մեր գործարար համայնքի ուշագրավ ձեռքբերումների և նրանց հաջողությանն աջակցելու կառավարության հանձնառության մասին», — նշել է Վահան Քերոբյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախարարության կողմից 2022 թվականին ընդունված և ուժի մեջ մտած Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու բարեփոխումները։

Կիսվել նյութով