Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախարար Վահան Քերոբյանը մարտի 28-ին մասնակցել է «Ստեղծել պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար» խորագրով «Թվինինգ» ծրագրի ավարտական համաժողովին։
Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ տվյալ «Թվինինգ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնել ու ամրապնդել Հայաստանի Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունները՝ համապատասխանեցնելով դրանք Հավատարմագրման եվրոպական համագործակցության (EA) հետ ասոցացման անդամակցության պայմաններին։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ անդամ պետության կողմից ծրագրի ղեկավար, Գերմանիայի հավատարմագրման մարմնի (DAkkS) միջազգային հարաբերությունների մասով ավագ խորհրդատու Թոմաս Ֆաքլամը, Հայաստանի Հանրապետության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրեն Անի Օբոսյանը։
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի աշխատանքները մեկնարկել են 2021թ․ հունիսին և շարունակվել են 21 ամիս։
Ծրագիրը նպատակ է ունեցել աջակցել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) իրականացմանը ՀՀ հավատարմագրման և համապատասխանության գնահատման միջազգայնորեն ընդունված համակարգի ամրապնդման տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես որակի ազգային ենթակառուցվածքի հիմնասյուներ։
Եվրամիության և Հայաստանի միջև հավատարմագրմանն առնչվող տարբերությունների նվազեցումը և միջազգային մակարդակով համաձայնեցված որակի գործիքների կիրառման խրախուսումը ռազմավարական կարևոր քայլ է՝ փոխադարձ առևտրի խթանման և արտահանման շուկաների ընդլայնման համար։
Ծրագրի իրականացման արդյունքում ամրապնդվել են ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունները՝ բավարարելու Հավատարմագրման եվրոպական համագործակցության հետ ասոցացման անդամակցության պայմաններին, ինչը կօգնի ձեռք բերել Հավատարմագրման եվրոպական համագործակցության երկկողմ համաձայնագրերի ստորագրող կողմի կարգավիճակ։
Ծրագրի նպատակներն էին oրենսդրական դաշտի մոտարկումը ԵՄ օրենսդրությանը, ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունների ամրապնդումը և Հավատարմագրման ոլորտում միջազգային համագործակցության նոր մակարդակը։
«Թվինինգ» ծրագիրն իրականացվել է Գերմանա-իտալական կոնսորցիումի գլխավորությամբ, որը ներկայացնում է ԵՄ անդամ պետությունների (ԱՊ) պետական հաստատությունները և հավատարմագրման ազգային մարմինները՝ Գերմանիայի դեպքում՝ BMWi-ը՝ Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարությունը, և DAkkS-ը՝ Գերմանիայի հավատարմագրման ազգային մարմինը, իսկ Իտալիայի դեպքում` ACCREDIA-ն՝ Իտալիայի հավատարմագրման մարմինը։