Հայաստանի տնտեսության զարգացող ու առաջատար ճյուղերից մեկն է գինեգործությունը: Բացառիկ տեռուարը, բարձրադիր գոտիները, հրաբխային հողը՝ կրաքարի և կավի որոշ տարածքներով թույլ են տալիս ստանալ հայկական յուրատեսակ գինիներ՝ տեղածին խաղողի սորտերից, որոնցից մի քանիսը մշակման ավելի քան 3 հազարամյա պատմություն ունեն:
Վերջին տարիներին վերածնունդ ապրած այս ոլորտի զարգացման համար, Հայաստանում գործում են մի քանի կառույցներ, որոնցից մեկն է «Հայաստանի գինիներ» հասարակական կազմակերպությունը: Վերջինիս նպատակն է ոլորտի ներկայացուցիչների ներուժի միավորմամբ, բարձրացնել հայկական գինու վարկանիշը և մրցունակությունը, ինչպես տեղի սպառողի մոտ, այնպես էլ միջազգային շուկայում:
Մայիսի 26-ին Իմփաքթ Հաբ Երևանը և «Հայաստանի Գինիներ» ՀԿ-ն համատեղ կազմակերպեցին «Uncorking Wines of Armenia» գիտա-ժամանցային միջոցառումը: Հրավիրված հյուրերն էին՝ Իմփաքթ Հաբ միջազգային ցանցի անդամները, գինու զբոսավարները և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Ներկաները հնարավորություն ունեցան հայերենից անգլերեն սինխրոն թարգմանությամբ լսել գինեգետի («Հայաստանի կավիստների ասոցիացիա») կողմից ներկայացված շնորհանդես՝ հայկական գինեգործության և գինիների անցյալի, ներկայի, ինչպես նաև փայլուն ապագայի մասին: Ներկայացվեց winesofarmenia.store կայքը, որը եվրոպայում առցանց վաճառքի և արագ առաքման ամենամեծ հարթակն է՝ հայկական գինիների լայն տեսականիով:
Միջոցառման ամենահաճելի մասը բացօթյա հատվածում հյուրերի հանդիպումն ու շփումն էր «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գինեգործների հետ և բազմաոճ գինիների մի քանի ժամ տևող համտեսը՝ երաժշտական մտերմիկ, ջերմ մթնոլորտում:
Միջոցառման գլխավոր գործընկերը GIZ գերմանական համագործակցության ընկերությունն էր, գործընկերը՝ Հայաստանի կավիստների ասոցիացիան, իսկ երաժշտական անակնկալի հեղինակները՝ “Experimental Duo” երաժշտական խումբը: