Փոքրիկների կողմից սիրելի «Չոչի մրցույթը» այս տարի նույնպես կիրականացվի՝ առողջ ապրելակերպն ու չոչը խրախուսելու, ինչպես նաև փոքրիկներին դրական հույզեր պարգևելու համար։
2023 թվականին այս ուրախ ու ընտանեկան միջոցառումը Երևանում կկայանա արդեն չորրորդ անգամ՝ հուլիսի 2-ին, իսկ Գյումրիում այն կլինի առաջին մարզային մրցույթը և կանցկացվի հուլիսի 9-ին։
Այս տարի մրցույթի գլխավոր հովանավորը Շենգավիթ ԲԿ-ն է։
Մրցույթի մասնակցության կանոններն են․
- Մասնակցել կարող են 6-ից 14 ամսական չոչ անող, բայց դեռ չքայլող երեխաները,
- Երեխան մասնակցում է 2 մեծահասակի հետ, որոնցից մեկը կանգնում է չոչուղու սկզբում, մյուսը՝ վերջում,
- Կարելի է բերել երեխայի սիրելի խաղալիքները, կամ ցանկացած այլ իրեր, որոնցով հնարավոր է գրավել, կանչել երեխային,
- Չի կարելի հատել սահմանագիծը և դիպչել երեխային մրցույթի ընթացքում,
- Փոքրիկները կմրցեն մի քանի տարիքային խմբով, հաղթող կհամարվեն վերջնագիծը առաջինը հատող չոչորդները,
- Կանոնները խախտող մեծահասակների փոքրիկները մրցույթը չեն շարունակի։
Երեխաների կոմֆորտի համար առավել նախընտրելի է տոնական հագուստի փոխարեն նրանց հագցնել հարմարավետ սպորտային հագուստ։
Իսկ բոլոր մյուս բալիկներին ու ծնողներին հրավիրում ենք ներկա գտնվելու այս յուրահատուկ մրցույթին, որտեղ բարձր տրամադրությունը կապահովեն մասնակից չոչորդները։
Ուրախ տրամադրության, դիջեյի աշխույժ երաժշտության և հաղորդավարի ոգևորիչ մեկնաբանությունների ներքո փոքրիկ մասնակիցները կփորձեն չոչ անելով հնարավորինս արագ անցնել մի քանի մետրանոց կարճ չոչուղին, որի եզրագծի մոտ նրանց անհամբեր կսպասեն հարազատները։ Ուղեկցողների և բոլոր մյուս երեխաների ու մեծերի մուտքն ազատ է։
Գրանցվեք այստեղ
Գրանցումը կհաստատվի միայն մասնակցության վճարը կատարելուց և կտրոնը ներկայացնելուց հետո, որը պետք է փոխանցել մինչև հունիսի 18-ը ներառյալ, սակայն մասնակիցների քանակը սահմանափակ է և քանակը լրանալուն պես գրանցումը հնարավոր է փակվի հունիսի 18-ից շուտ: Վճարման մանրամասների համար կարող եք կապվել «Հայ ծնողների ակումբ»֊ի հետ: