ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ազգային ժողովում իմ ելույթի ընթացքում ներկայացրել եմ վերջին շրջանում տնտեսության ոլորտում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները։
Այսպես, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2022 թ․ արդյունքներով մենք գտնվում ենք 91-րդ տեղում, այն դեպքում, երբ հինգ տարի առաջ 131-րդն էինք։ Սա մեծ առաջընթաց է, աշխարհի մյուս երկրների հետ համեմատության մեջ ևս։
Կառավարության օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու գլխավոր ուղղություններից մեկը Fortune Global 500-ի խոշորագույն ընկերություններին Հայաստան բերելն է։ Այսօր արդեն օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հատել է 1 մլրդ դոլարի սահմանը։
Մեր Կառավարության նպատակն է Հայաստանում աշխատող ընկերությունների համար ապահովել առաջնակարգ ենթակառուցվածքներ։ Եվ այն միջավայրը, որը մենք ստեղծել ենք, միտված է նոր ընկերությունների ստեղծմանը։ Հայաստանում բացվել է 12 500 ընկերություն և գրանցվել 25 500 անհատ ձեռներեց։
2022 թ․ գյուղատնտեսության ոլորտի բյուջեն կազմել է 40 մլրդ դրամ։
Նշել եմ նաև, որ այս տարվա հինգ ամիսների տվյալներով՝ 2019 թ․ համեմատ զբոսաշրջության ոլորտում ունենք 30% աճ»։