«Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 1-2-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ անց է կացվել 2022 թվականին։ Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց թվում էին գլխավոր հյուր և բանախոս, Նոբելյան դափնեկիր Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։
Այս տարի միջոցառման շրջանակում Հայաստան կժամանի խոշոր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Այս մասին հայտարարվեց օգոստոսի 1-ին միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։
«Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից:
«Այս համաժողովի միջոցով մենք նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ հզորացնելով մեր արտադրական ներուժը և դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը»,- ընդգծել է Վ. Քերոբյանը: