Գյումրիում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է չոր նավահանգստի կառուցման մասին։ Ըստ Քերոբյանի տրամադրած տվյալների «չոր նավահանգիստ» նախագիծը հասել է ավարտական փուլին։
Այն կազմելու համար հրավիրված հոլանդական ընկերությունն ավարտում է իր աշխատանքները, լրագրողներին ասաց Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով, նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ նախագիծը կարող է զգալի հետաքրքրություն առաջացնել ներդրողների շրջանում, հատկապես «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնության ներկայացումից հետո։ Հենց այս խաչմերուկում՝ հարավից հյուսիս երթուղու վրա է գտնվում Գյումրին և «չոր նավահանգստի» վայրը։
«Կլինի ոչ միայն օդային, ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիներով լոգիստիկ հանգույց, այլ նաև արդյունաբերական պարկ, որտեղ կտեղակայվեն ժամանակակից գործարաններ և ձեռնարկություններ»,- նշել է նախարարը։