ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Dream-ի յուրաքանչյուր հատիկի մեջ նվիրում և սեր է ներդրված. Անահիտ Բեյբության

Dream Chocolate-ի համահիմնադիր Անահիտ Բեյբությանի պատմությունը, որպես ձեռնարկատեր:

Անահիտը երիտասարդ ձեռներեց է, ով առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն շոկոլադի և սուրճի հանդեպ իր սերը դրդել են նրան ստեղծելու այս հրաշք արտադրանքը։ Մանուկ հասակում Անահիտը չի մտածել, որ կդառնա ձեռներեց, սակայն միշտ սիրել է ուսումնասիրել շոկոլադների բաղադրությունը, բայց դրա հետ մեկտեղ մտքով էլ չի անցել, որ կունենա իր սեփական արտադրությունը։

Նրանց ստեղծած շոկոլադները հայկական և ձեռագործ արտադրանք են, որոնք, ինչպես նշում է Անահիտը, ինքնաբուխ երազանքների արդյունք են։

«Dream-ը ստեղծվել է պանդեմիայի և պատերազմի ընթացքում։ Տեսնելով այդ ամենը մտածեցինք և փորձեցինք ստեղծել այնպիսի արտադրանք, որ կարողանանք հպարտությամբ նշել՝ հայկական է և ապացուցել, որ Հայկականը ամենալավն է։Երկար անքուն գիշերները, ձախողումները, հաջող և անհաջող փորձերը հանգեցրեցին այն արդյունքին ինչը այսօր ունենք։ Իմ սերը շոկոլադի և սուրճի հանդեպ անսահման է: Կարծում եմ յուրաքանչյուր աշխատանքում էլ, որում դրվի մեծ սեր և ջանք անհնար է այդ գործը չծաղկի:

Dream-ի յուրաքանչյուր հատիկի մեջ նվիրում և սեր է ներդրված։ Մենք ցանկանում ենք մեր երկրում տեսնել շնորհակալ և գնահատված մարդկանց և նրանց ժպիտներում մեր ներդրումը ունենալ», — ասում է Անահիտը նշելով, որ նրանց հաջողության գաղտնիքը սերն ու նվիրվածությունն է աշխատանքին։

Չնայած, Dream Chocolate-ն իր գործունեությունը ծավալում է ընդամենը մեկ տարի, բայց այն հասցրել է սիրվել շատերի կողմից։

Գործունեության ընթացքում Անահիտը բախվել է մի շարք դժվարությունների, սակայն հստակ մոտեցում է ցույց տվել այդ ամենին՝ «Ռիսկերը շատ են եղել, բայց սերը աշխատանքի հանդեպ օգնել է հաղթահարել այդ ամենը: Առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով՝ խնդիրները կանգ առնելու նշան չեն, այլ ուղեցույցներ: Բիզնեսում պետք է պատրաստ լինել ցանկացած խնդրի։ Կարող ես հաղթահարել դժվարությունները, եթե չհուսահատվես։ Պետք է հիշել, որ Հաջողության հասնելու համար վերելակ գոյություն չունի: Պետք է բարձրանալ աստիճանով», — ասում է Անահիտը՝ հավելելով, որ պետք է չվախենալ ոչինչից, դժվարությունների անպայման հանդիպելու ես բիզնեսում։

Խնդրեցինք Անահիտին բնութագրել իրեն որպես ձեռներեց՝ «Մի բան կարող եմ ասել շատ բծախնդիր եմ և յուրաքանչյուր մանրուք այս գործում կարևորում եմ և՛ համը և՛ տեսքն ու դիզայնը», — ասում է հաջողության հասած ձեռներեցը՝ շեշտելով, որ այս ամենը սկսել է երազանքից, հետևաբար երազանքներն իրականանում են, միայն թե պետք է հավատալ և սեր դնել գործում։Իսկ անվան ընտրությունը Անահիտը բացատրեց հետևյալ կերպ՝ «Անվանումն էլ պատահական չէ՝ Երազ, ուրախ եմ որ գտել եմ իմ երազը և ապրում եմ այդ երազում: «Երազանքներն իրականանում են» հենց սա էլ դարձավ մեր կարգախոսը»։

Իսկ իր ամենամեծ ձեռբերումը հաջողության հասած ձեռներեցը համարում է ընտանիքը՝ «Իմ ամենամեծ ձեռքբերումը ընտանքիս է՝ ամուսինս և 2 երեխաներս, Dream Chocolate–ն էլ դարձել է 3-րդ երեխան»։

Կիսվել նյութով