ARMSME

Միշուստինը Փաշինյանին կոչ է արել ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթներն առևտրում

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի իր պաշտոնակից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատժամիջոցների պայմաններում կարևոր է ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումն առևտրում, արտադրական կոոպերացիայի ընդլայնումն ու առևտրի համար նոր հնարավորությունների բացումը:

“Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական պետությունների կողմից ապօրինի պատժամիջոցների պայմաններում, իհարկե, կարևոր է ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները երկկողմ առևտրում, զարգացնել արտադրական կոոպերացիան, նոր հնարավորություններ բացել բոլոր ուղղություններով փոխադարձ առևտրի ընդլայնման համար”, — ասել է նա, հաղորդում է “ՌԻԱ Նովոստին”:

Միշուստինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության ձևաչափով ընդունված որոշումները, մասնավորապես, հումքի, պարենի, համալրող սարքերի ներմուծման մաքսատուրքերի նվազեցման մասին, կապահովեն միասնական շուկայի կայուն զարգացումը ՝ ի շահ անդամ պետությունների բիզնեսի և սպառողների: Նա հավելել է, որ մեծ ուշադրություն է դարձվում Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Ռուսաստանի վարչապետի կարծիքով ՝ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը ՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների: Միշուստինը նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին։

ՌԴ կառավարության նախագահը նշել է, որ Մոսկվան և Երեւանը 2021 թվականին նախորդ տարվա ցուցանիշների համեմատ գրեթե 13 տոկոսով ավելացրել են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը: “Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և տնտեսության մեջ ներդրողների շրջանում։ Եվ, ինչն ուրախալի է, անցյալ տարի փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով ՝ 2020 թվականի համեմատ, շարունակվում է աճը։ Այն հասել է 2 մլրդ 600 մլն դոլարի”, — ըստ ՏԱՍՍ-ի՝ նշել է ՌԴ կառավարության ղեկավարը։

Ընդ որում, ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ապրանքաշրջանառությունն ավելացել է 42 տոկոսով ՝ կազմելով գրեթե 430 մլն դոլար, հավելել Է Միշուստինը:

Կիսվել նյութով

Տեքստ