ARMSME

Հայաստանն ու Չինաստանը խորացնում են տնտեսական համագործակցությունը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը տնտեսական ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր է ստորագրել Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի հետ: Այդ մասին ասվում է ԱԳՄ պաշտոնական հաղորդագրությունում։

Ստորագրված փաստաթղթի համաձայն, կողմերը պարտավորվում են նպաստել Հայաստանի և Չինաստանի գործարար հատվածի միջև փոխշահավետ կապերի հաստատմանը, երկկողմ երկարաժամկետ համագործակցության ընդլայնմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, մասնավորապես, ներմուծման և արտահանման Չինական տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը:

“Ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ավելի մանրամասն ծանոթանալ և վերլուծել չինական շուկայի առավելությունները, երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները և ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալները”, — նշել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2021 թվականին աճել է 30,7 տոկոսով՝ գերազանցելով 1.2 մլրդ դոլարը: Ընդ որում, արտահանումն աճել է 35,7 տոկոսով՝ մինչև 393,2 մլն դոլար, ներմուծման 28,6 տոկոսով՝ մինչեւ 867 մլն դոլար աճի դեպքում:

Կիսվել նյութով

Տեքստ