Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է ուղեցույց, որով կարող եք գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում։
Անհատական հաշվների տեղեկատավական պորտալը նախատեսված է այն ֆիզիկական անձանց համար, որոնք «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ում ունեն անձնավորված հաշվառում` եկամտային հարկի և կուտակային վճարների վերաբերյալ անձնավորված տվյալների տեսքով:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախևառաջ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Ինչպես նաև այն հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց տեսնել փոխանցված կուտակային վճարները, կուտակային վճարի լրավճարի պարտավորությունները և ստանալ անհատական հաշվի քաղվածք՝ էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Ինչպե՞ս գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում
Տարբերակ առաջին
Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա www.petekamutner.am-ից պետք է մուտք գործել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» և սեղմել «Գրանցվել» կոճակը: Այնուհետև լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային ստորագրություն, ապա ստորագրված հայտը հետ բեռնել և գրանցվել համակարգում։ Էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Սեղմելով հղումը՝ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը, գաղտնաբառը և գրանցվել:
Տարբերակ երկրորդ
Եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող եք հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ։ Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Այստեղ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը և գաղտնաբառը։
Տարբերակ երրորդ
Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում կարող եք նաև այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում գրանցման դիմում ներկայացնել՝ տրամադրելով գործող էլեկտրոնային հասցե և համապատասխան փաստաթղթեր:



