ARMSME

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն հայտնելով Նահյանների ընտանիքին:

Նախարար Միրզոյանը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի նախագահի պատասխանատու պաշտոնում:

Արտգործնախարարներն անդրադարձել են հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու երկկողմ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը:

Կարևորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ ընդգծելով պարբերական շփումների խթանման և փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Կիսվել նյութով

Տեքստ