ARMSME

Քննարկվել են լիզինգի ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ մայիսի 17-ին Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ լիզինգային կազմակերպությունների կողմից բարձրացված, ոլորտին առնչվող խնդիրների, մասնավորապես գույքի` հետագայում լիզինգով տրամադրման նպատակով օտարման և գույքի որոշ տեսակների կադաստրային գրանցման վերաբերյալ հնարավոր լուծումները քննարկելու նպատակով։

Հանդիպումը կազմակերպվել է ապրիլի 29-ին կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Հանդիպմանը մասնակցել են Կադաստրի կոմիտեի, Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի, Բանկերի միության և ՎԶԵԲ ու ՄԹ Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչները։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել միջազգային փորձը՝ հարցի կարգավորման օրենսդրական լուծումները կանխորոշելու նպատակով։ Որոշվել է նաև վերջնական առաջարկության ձևավորումից հետո այն քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում ձևավորելու համար։

Կիսվել նյութով