Երեկ կայքում տեղադրվել էր նյութ, թե ինչ է startup-ը, ինչո՞վ է այն տարբերվում սովորական բիզնեսից և ինչպե՞ս ստեղծել startup:
Այսօրվա նյութում ցանկանում ենք խոսել այն հմտությունների մասին, որոնցով պետք է օժտված լինի startuper-ը, այսինքն այն մարդը, որը ցանկանում է հիմնել իր startup-ը։
Աշխատող և եկամբտաբեր startup հիմնելու համար միայն հետաքրքիր գաղափարը քիչ է։ Startuper-ը պետք է օժտված լինի մի շարք հմտություններով, որոնք կօգնեն նրան իր գործում հաջողության հասնելու համար։
Եթե այլ մասնագիտություն կարելի է յուրացնել հիմնվելով ինչ-որ հստակ նյութերի վրա և անգիր անելով դրանց բովանդակությունը, ապա բիզնեսով զբաղվոող մարդը կամ startuper-ը պետք է սեփական փորձով թրծվի այդ ճանապարհին։
Կարող ենք ներկայացնել բազմաթիվ օրինակներ, երբ մարդկանց իրենց գործում հաջողության հասնելուն խանգարում են հենց այն հմտությունների բացակայությունը, որոնք ներկայացնելու ենք ստորև՝
- Վաճառելու ունակություն
- Կապեր
- Հանրային ելույթներ
- Պրոյեկտների կազմակերպում
- Կարգապահություն
- Սեփական ուժերի ճիշտ գնահատում
- Ճիշտ մարդկանց ընտրություն
- Սովորելու ցանկություն
- Նպատակասլացություն
- «Հոտառություն»
- Բարդ որոշումներ կայացնելու ունակություն
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա ուղղակի հաջողակ մարդկանց ներկայացրած կամ ինչ-որ գրքից վերցրած ցանկ է կամ որևէ մեկի անձնական կարծիքը, սակայն դա միայն առաջին հայացքից։
Մանրամասն ներկայացնենք վերևում նշած հմտություններից յուրաքանչյուրը՝
Վաճառելու ունակություն։ Եթե օժտված չեք այս հմտությամբ, ապա դժվար թե հաջողությունը թակի Ձեր դուռը, քանզի եկամտի աղբյուրներից մեկը, եթե ոչ միակը, հենց վաճառքներն են։ Պատահական ասված չէ, որ դրանով կարող են զբաղվել ոչ բոլորը։ Ունե՞ք լավ վաճառքներ՝ կունենաք առաջնթաց, ո՞չ, ապա կմնաք նույն տեղում։
Կապեր։ Սա կարելի է համարել, ոչ այնքան հմտություն, որքան առավելություն։ Սակայն կապեր կարող է ունենալ յուրաքանչյուրը, պետք է կարողանալ ճիշտ աշխատել դրանց հետ։ Զարգացնելով կապերը՝ կավելացնեք վաճառքները, ինչն էլ կհանգեցնի startup-ի աճին։
Հանրային ելույթներ։ Հանրային ճիշտ ելույթները, դրանք լավ կապեր ձեռք բերելու ամենամեծ հնարավորություններից են։ Եղեք անկաշկանդ, շարադրեք ձեր միտքը հստակ և լակոնիկ։
Պրոյեկտների կազմակերպում։ Ձեր վաճառքների (լինի դա ապրանք, թե ծառայություն) աճը խթանելու համար հարկավոր է կազմակերպել մի շարք նախագծեր։
Ինչպես հասկացանք, այս ամենը փոխկապակցված է։ Օրինակ, եթե պրոյեկտներ եք կազմակերպում և ճիշտ ելույթ եք ունենում հանրության առաջ, ապա դա խթան է հանդիսանում Ձեր վաճառքների աճի համար։
Կարգապահություն։ Ոչ միայն բիզնեսում, ապա ցանկացած այլ աշխատանքում (լինեք հանքափոր, թե մարզիկ), կարգապահությունն ամենակարևոր շարժիչ ուժերից մեկն է։
Սեփական ուժերի ճիշտ գնահատում։ Ճիշտ գնահատեք սեփական ուժերը։ Մի թերագնահատեք կամ գերագնահատեք այն։ Արեք այնքան, որքան ներում են ձեր ուժերը։
Ճիշտ մարդկանց ընտրություն։ Մեկ անգամ չէ, որ լսած լինեք, թե ինչ-որ կազմակերպության աշխատակցի պատճառով այդ կազմակերպությունը բախվել է լուրջ խնդիրների։ Ընտրեք ճիշտ մարդկանց, որպեսզի կարողանաք «լեզու գտնել» նրանց հետ ու հասնել հաջողության։
Սովորելու ցանկություն։ Եթե չունեք սովորելու ցանկություն, ապա կբախվեք մեծ դժվարությունների։ Սովորեք այն ամենը՝ ինչ Ձեզ պետք է, սովորեք նաև այն, ինչ մտածում եք, որ հնարավոր է պետք գա Ձեզ հետագայում։ Սովորեք անդադար։
Նպատակասլացություն։ Եղեք նպատակասլաց ու նվիրված Ձեր գործին։ Եթե ցանկանում եք հաջողություններ գրանցել, ապա առաջին դիրքում դրեք ձեր գործը, հետո միայն այն ամենը ինչն այդքան էլ շտապ չէ ու մեծ ջանքեր չի պահանջում։
«Հոտառություն»։ Ունեցեք բիզնես «հոտառություն»։ Եթե նույնիսկ զգում եք, որ դա բացակայում է Ձեզ մոտ, մի շտապեք, աշխատեք, անդադար եղեք այդ միջավայրում և Դուք էլ չեք հասկանա, թե ինչպես այն հայտնվեց։
Բարդ որոշումներ կայացնելու ունակություն։ Եղեք հստակ ու վճռական։ Մի վախեցեք բարդ որոշումներ կայացնելուց։ Ինչպես էլ այն ազդի Ձեր գործի վրա, միևնույն է դասեր կքաղեք դրանից։
Եվ ամենակարևորը՝ եղեք ինքնավստահ։
Մեջբերենք Մարկ Ցուկերբերգի խոսքերից մեկը՝
«Մարդ կարող է հանճար լինել կամ տիրապետել բոլոր անհրաժեշտ հմտություններին, բայց եթե մարդ չի հավատում իրեն, նա իրեն չի նվիրի գործին»։