ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Զգա՜ քեզ բնության մասնիկ և միաձուլվիր բնության հետ․ «Կանաչ տուն»

Այսօր զրուցել ենք «Կանաչ տուն» հանգստյան գոտու համահիմնադիր Անի Կոստանդյանի հետ։

Անին մասնագիտությամբ մշակութաբան է։ «Հիմա սովորում եմ ԵՊՀ ասպիրանտուրայում և դասավանդում եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։ Երկար ժամանակ ապրել եմ Երևանում՝ սովորել։ Եղել եմ արշավական ակումբի անդամ։ Բնության և մշակույթի մեծ սիրահար եմ», — այսպես է իրեն ներկայացնում Անին։

Մեր զրուցակիցը պատմում է, որ ուսումնասիրել է Տավուշի բնությունը, գյուղերը, մարդկանց և հուշարձանները՝ պահելով կապը բնության հետ։

«Մի անգամ, երբ եկանք Ենոքավան հանգստանալու, այստեղ հաճելի միջավայր էր ստեղծված և բնությունը շատ հավանեցինք։ Փայտերից պատրաստված մի գեղեցիկ վայր կար, որն էլ եղավ հանգստյան գոտու ստեղծման շարժառիթը։ Սկզբում գաղափարը վախեցնող էր, մտածում էինք, որ մեզ մոտ չի ստացվի։ Ամեն դեպքում սկսեցինք և շարունակում ենք առաջ շարժվել՝ մասնակցելով տարբեր բիզնես դասընթացների և ծրագրերի։ Ենոքավանում գտնվող այս անտառային միջավայրում մենք տաղավարներ պատրաստեցինք՝ ընտանիքների, ընկերական հանդիպումների, պիկնիկների համար նախատեսված։ Այսինքն մենք ստեղծեցինք այնպիսի միջավայր, որտեղ ամեն մարդ չի կարող մուտք գործել։ Ընթացքում հասկանլով, որ միայն տաղավարները բավարար չեն, մենք որոշեցինք ստեղծել նաև քոթեջներ։ Իսկ այս տարի մենք բացել ենք նաև ռեստորան։ Այժմ ունենք տաղավարներ, վրաններ, ռեստորան, քոթեջներ և տարածաշրջանում նմանը չունեցող թափանցիկ տանիքով տնակ, որն իր յուրօրինակությամբ դարձել է «Կանաչ տան» այցեքարտը։ Նաև քայլարշավներ ենք կազմակերպում, վարպետաց դասեր։ Անընդհատ ականջալուր ենք լինում մեր հյուրերին, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հանգստյան գոտին վերածվի, շատ հարմարավետ ընտանեկան միջավայրի», — պատմում է մեր զրուցակիցը։

«Կանաչ տան» թափանցիկ տանիքով տնակը

Անին նշում է, որ այս ամենը սկսել են 2019 թվականին և ընթացքում հանդիպել են բազմաթիվ խնդիրների։

«Քանի որ մենք տեղացի չէինք, սկզբում մարդիկ նախանձով էին վերաբերվում, որ եկել էինք «իրենց մարզ» և ուզում էինք այսպիսի հանգստյան գոտի հիմնել։ Ունեինք նաև էլեկտրականության ու ջրի խնդիր։ Համայնքապետարանը մինչև օրս չի ցանկանում լուծել այն, այդ իսկ պատճառով ստիպված ենք մեր ուժերով և նույնիսկ ջուր գնելով խնդրին լուծում տալ։ Նշենք, որ այս հարցում իր մեծ օգնությունն է ցուցաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU), որի շնորհիվ ստացած դրամաշնորհով կարողացել ենք ջրի խնդիրը մեղմել և էլեկտրականություն ունենալ։ Այս ամենին գումարվեց նաև կորոնավիրուսը և պատերազմը։ Ռիսկերից կնշեմ նաև, որ մեզ շրջապատում էին արդեն իսկ հանրահայտ և բրենդ դարձած հանգստյան գոտիները։ Նրանց հետ մրցելը մի քիչ անհավանական էր թվում, բայց մեզ հաջողվեց շուկայում գտնել մեր տեղը։ Այսքան դժվարությունների միջով անցանք, բայց անկախ ամեն ինչից հասանք նրան, որ ստեղծել ենք ընտանեկան հանգստի կատարյալ միջավայր»։

Աշխարհից կտրված՝ բնությանը ներդաշնակ

Հանգստյան գոտին ունի նաև իր կարգախոսները՝ «Զգա՜ քեզ բնության մասնիկը», «Միաձուլվիր բնությանը»։ Անին նշում է, որ իրենք շեշտը դնում են հատկապես բնության վրա և ուզում են մարդուն մոտեցնել բնությանը։

«Ունենք նաև մի նոր կարգախոս, որը մեզ նվիրել են մեր հյուրերը՝ «Ընդունում ենք հյուրի պես և ճանապարհում բարեկամի պես»։ Մենք ընդհանրապես չենք օգտագործում «հաճախորդ» տերմինը»։

Նշենք, որ հանգստյան գոտին գտնվում է էքստրեմալ տուրիզմի կենտրոնում ՝ Ենոքավան համայնքում։ Այստեղ մոտակայքում են Yell Extream Park-ը, «Լաստիվեր» անապատը։ Միաժամանակ «Կանաչ տունը» գրավում է պասիվ հանգստի սիրահարներին, քանի որ այստեղ խաղաղ է, հանգիստ և բնությանը ներդաշնակ։

«Կանաչ տան» խարույկատեղին

«Ամենակարևոր առավելությունը կնշեմ․ Մենք աշխատում ենք ընտանիքով և հյուրերին դիմավորում և ճանապարհում ենք ընտանիքով»։

Անդրադառնալով հանգստյան գոտու անվանմանը, երիտասարդ ձեռներեցը նշեց, թե ինչո՞ւ է հանգստյան գոտին կոչվում «Կանաչ տուն»։ «Կանաչ», քանի որ «կանաչը» խորհրդանշում է բնությունը և մեր նպատակը բնության հետ ներդաշնակ հանգստի կազմակերպումն է, իսկ «տուն», քանի որ ստեղծել ենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կզգա իրեն ինչպես իր տանը։ Մեզ համար բիզնեսից առավել կարևոր են մեր հյուրերի հետ շփումները, նոր ծանոթություններ ձեռք բերելը և մարդկային փոխհարաբերությունները»։

Իսկ մեր հարցին, թե ո՞րն է հյուրատան հաջողության գաղտնիքը, Անին պատասխանեց՝ «Մեր հաջողության գաղտնիքը ընտանիքն է, ընտանիքով միևնույն կետին նայելը, նույն նպատակը ունենալը և մեկը մյուսին աջակցելը։ Եվ քանի որ իմ ընտանիքում կա այս բոլորը, կարծում եմ հաջողությունն անխուսափելի է»։

Կիսվել նյութով