ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Սոցիալական խնդիրներ լուծող և ներդաշնակ զարգացում ապահովող խաղալիքները․ «ԶարՄան»

Այսօրվա մեր զրուցակիցը «ԶարՄան» սոցիալական ձեռնարկատիրության տնօրեն Լուսինե Սիմոնյանն է։

«ԶարՄան»-ը զբաղվում է «խոսող տետրերի» և էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծմամբ և արտադրությամբ: Խաղերի ստեղծման գործընթացում ներգրավված է բազմամասնագիտական խումբ, որտեղ ներգրավված են հոգեբան, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, նկարիչ-դիզայներ, դերձակ և ատաղձագործ։

Մեր զրուցակիցը՝ Լուսինեն, մանուկ հասակում երբեք չի մտածել, որ կդառնա ձեռներեց, քանզի ինչպես նա է բնութագրում, նույնիսկ այդ բառի իմաստը չգիտեր: Ավելի շատ ցանկացել է դառնալ բժշկուհի կամ դերասան։

«Շատ անգամ հիշում եմ, որ խորհրդային տարիներին հանրախանութներ կային։ Ընկերուհուս մայրն էլ աշխատում էր դրանցից մեկում։ Մենք պարբերաբար այդպիսի խաղեր էինք խաղում` «խանութ-խանութ», սակայն, ըստ իս, ձեռներեցությունը դա մտածողություն է։ Համարում եմ, որ դա նախաձեռնողականություն է՝ ուսումնասիրել դաշտը և այդ դաշտում ստեղծել մի բան, որը և’ եկամուտ է բերում, և’ ստեղծում է բարիք։ Քանի որ 12 տարի Հիմնադրամի տնօրեն եմ, որն ունի հասարակական, սոցիալական և ձեռնարկատիրական մոտեցում, այս ամենը պահանջում է ձեռներեցության մտածողություն, անընդհատ դաշտի վերլուծություն, նոր գաղափարների գեներացում և դրանց ամրագրում։ Շատ ուրախ եմ, որ այս ամենն անհատի զարգացման ոլորտում է», — ասում է նա։

Քանի որ Մանկական զարգացման հիմնադրամը երեխաների պաշտպանության ոլորտում է և ՀԿ-ի առաքելությունը երեխաների բարեկեցությունն ու պաշտպանությունն է, իսկ ԶարՄան ապրանքանիշը ստեղծվել է այս հիմքի վրա, այն ունի մի քանի ուղղություն։ «ԶարՄանը» արտադրում է խաղալիքներ և այդ հասույթը տանում է դեպի սոցիալական ծառայություն, և խաղերի արտադրության մեջ ներգրավում է տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց կյանքում ապահովում է զբաղվածություն և եկամուտ։

«Երբ Հիմնադրամում մասնագետները երեխաներին ծառայություն են մատուցում, շատ դեպքերում ձևավորվում են խաղեր, որոնք նպաստում են այդ խնդրի լուծմանը։ Մենք զարգացրեցինք այդ գաղափարը։ Դեռևս 2009-ից սկսեցին ստեղծվել խաղերի այսպիսի նախատիպեր, իսկ 2016 թվականին ամրագրեցինք «Զարման» ապրանքանիշը: Փորձեցինք ավելի մասնագիտորեն նայել, տեսնել, թե անհատի, երեխայի որոշակի խնդրին ինչն է արձագանքում։ Խաղը անհատին ինքնաբավ և ներդաշնակ դարձնելու կարևորագույն միջոցներից մեկն է։ Խաղն այն հիմնարար գործիքն է, որի միջոցով և՛ ծնողը, և՛ մասնագետը, և՛ երեխայի հետ աշխատող այլ մարդիկ, կկարողանան լավ արդյունք ունենալ», — պատմում է մեր զրուցակիցը, պատասխանելով այն հարցին, թե ինչու են որոշել զբաղվել խաղալիքների արտադրությամբ։

Լուսինեն պատմում է, որ ռիսկերը այս գործում բավականին շատ էին՝ «Պետք է կարողանալ հստակ քո ստրատեգիական ուղղությունները ամրապնդել, տեսնել՝ ֆինանսական ինչ միջոցներ ես բերում։ Հիմնադրամի ռիսկերն ավելի շատ փոքր ձեռնարկատիրությունից դեպի միջին գալն էր։ Ռիսկեր կան նաև փոփոխվող աշխարհում, որովհետև, եթե մենք պատվիրենք մեծ քանակով խաղեր, ավելի փոքր ինքնարժեք կունենանք, բայց քանի որ մենք հայկական արտադրողներ ենք և շատ բան ներմուծում ենք դրսից՝ ջրային ներկերը, նյութերը, որոնք շատ դեպքերում Հայաստանում չեն արտադրվում, ունենում ենք բարձր ինքնարժեք: Չնայած այս ամենին, կարող ենք ասել, որ շուկայում մեր խաղերի արժեքը բարձր չէ»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ իրենց հաջողության գաղտնիքը բալանսի մեջ է՝ էմոցիոնալ և ռացիոնալ ներդաշնակության. «Մարդիկ պետք է լինեն լավատես, պետք է հավատան քանի դեռ այսօր կան, ապրում են, իրենք պետք է ինչ֊որ մի բան անեն, պետք է լինեն», — ասում է նա։

Որպես ձեռներեց Լուսինեն իրեն բնութագրում է լավատես, քաջ, ռիսկերց չվախեցող, վերլուծող, շատ դեպքերում` գերազանցիկի սինդրոմով, իսկ ամենամեծ ձեռքբերումը նրա համար չվնասելն է, քանի որ, դա երեխաների ոլորտում աշխատողների համար ամենակարևորն է։

Գնե՛ք հայկականը՝ ի շահ հայ արտադրողի և Հայաստանի տնտեսության։

Կիսվել նյութով