Այսօր զրուցել ենք «6 Tastes Sauces»-ի հիմնադիր Մարինե Բաղիրյանի հետ։
Մարինեն Երևանից է, մասնագիտությամբ տնտեսագետ է՝ աշխատում է գիտական ինստիտուտներից մեկում որպես հաշվապահ։
«Սիրում եմ ուսումնասիրել արևելյան ուսմունքներն ու հայկական ավանդույթները։ Իմ ամենասիրելի զբաղմունքն ու հետաքրքրությունը խոհարարությունն է: Կյանքիս և գործունեությանս գլխավոր միտումը հզոր Հայաստանի կառուցումն է», — այսպես է սկսում իր խոսքը Մարինեն։
Խոսելով սոուսներ արտադրելու գաղափարի առաջացման մասին, ձեռներեցը պատմեց՝
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր տնամերձ հողամասի բերքով պատրաստեցի տարբեր տղեմալիներ, և քանի որ քանակը իմ ընտանիքի պահանջներից շատ ստացվեց, նվիրեցի բարեկամներիս և տղեմալի սիրող ծանոթներիս: Հաջորդ տարի զանգեր ստացա նորից պատրաստելու պահանջով և նույնիսկ գնելու պատրաստակամությամբ: Պատրաստեցինք 4 տեսակի տարբեր չափի տարաներով տղեմալիներ, մոտ 1000 հատ և փորձեցինք ներկայացնել «Բերքի» փառատոնին, որտեղ պարզվեց, որ համտեսելուց հետո 10-ից 9֊ը հավանում՝ և գնում էին որևէ տեսակ: Այս փաստը հանգեցրեց մեզ տղեմալիների արտադրությունը, որպես բիզնես ձեռնարկելու մտքին»։
Այս սուսները պատրաստվում են՝ թերհաս կանաչ սալորից՝ թթու համով, դեղին սալորից՝ չափավոր կծու համով, կարմիր սալորից՝ մեղմ և շատ կծու տեսակի, մամուխից, ծիրանից, բալից և հոնից:
Այն հարցին, թե ինչո՞վ է առանձնանում «իրենց» արտադրանքը, Մարինեն պատասխանեց՝
«Բոլոր 6 համերը (քաղցր, աղի, թթու, դառը, կծու, տտիպ) միաժամանակ զգալու զգացողությունն ապահովող բաղադրատոմսը: 100% բնական լինելը՝ առանց կոնսերվանտների և համային հավելումների: Տեսականու բազմազանությունը: Ծիրանի, բալի և հոնի սոուսների նորույթ լինելը»։
«Գնելով մեր արտադրանքը մարդիկ կկարողանան համադրել իրենց տոնական և առօրյա ուտելիքները, կսնվեն ավելի համեղ, առողջ (օգտակար) և բազմազան», — ասում է մեր զրուցակիցը հավելելով, որ չնայած բախվել են արտադրության կազմակերպման և իրացման ռիսկերի, շարունակում են ամեն ինչ անել սիրով, չեն սրտնեղում խնդիրներից և դրական են տրամադրված։
Գնե՛ք հայկականը՝ ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։