ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Մշակույթը բիզնեսի վերածելու և արմատական մշակույթի հիման վրա՝ նոր արտադրանքներ ստեղծելու ձգտումը․ Nazani Collection Art

Մշակույթը բիզնեսի վերածելու և արմատական մշակույթի հիման վրա՝ նոր թրենդային արտադրանքներ ստեղծելու, աշխարհին ցույց տալու, ընդլայնելու, վաճառելու, զարգացնելու նպատակով մեր այսօրվա զրուցակիցը՝ Նազանի Նազանյանը, հիմնադրեց իր բրենդը՝ Nazani Collection Art-ը:

Նազանին մասնագիտությամբ նկարչուհի-դիզայներ է, պատմաբան-մանկավարժ և հագուստի մոդելավորող։

Նա պատմում է, որ շուրջ 10 տարվա աշխատանքային փորձից հետո հիմնադրել է սեփական բիզնեսը՝ «Ի սկզբանե, որպես հիմնական սպառողներ եղել են տուրիստները և տեղացիները, որոնք հետաքրքրված էին տեղական արտադրանքով. ցուցահանդեսների ժամանակ գնում էին իմ կտավները: Հետագայում արդեն կտավներին կից հիմնադրվեց բիզնեսը` նկարազարդ հագուստների, պայուսակների, շալերի, աքսեսուարների տեսքով»:

Չնայած առաջին անհատական ցուցահանդեսը ունեցել է ընդամենը 10 տարեկան հասակում, սակայն սկսել է նկարել և հագուստներ ձևել 2 տարեկանից։ Հենց առաջին ցուցահանդեսից հետո էլ Նազանին հստակ գծեց իր ընտրած ուղին և առ այսօր շարունակում է ընթանալ այդ ճանապարհով։

«Ձեռագործ աշխատանքով զբաղվելը ինձ մոտ մանկուց է սկսվել, ընթացքում զարգացնելով, կրթվելով, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելով, էլ ավելի հստակեցվեց իմ գաղափարը և նպատակը, ինչն այսօր վերածվել է արդեն գործող բիզնեսի»։

Nazani Collection Art-ը ստեղծում է կտավներ, ինչպես նաև կնոջ, տղամարդու, մանկական հագուստներ, պայուսակներ, շալեր, նկարազարդում այն՝ և իրականացնում վաճառք, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։

«Առաջարկում ենք չկրկնվող, բնական կտորներից կարված, ժամանակակից, հարմարավետ հագուստներ, նկարազարդված ձեռքով և բարձր որակի ջրակայուն ներկերով։ Աշխատում ենք և՛ անհատական մոտեցմամբ և՛ մեծաքանակ պատվերներով», — իր արտադրանքի առանձնահատկությունների մասին պատմեց Նազանին, հավելելով, որ իրենց հաջողության գաղտնիքը սերն է գործի հանդեպ, հոգատարությունը սպառողի հանդեպ և մարդկային բարձր արժեքները՝ աշխատակիցների միջև։

«Ես միշտ սիրահարված եմ իմ գործին։ Դա էլ երևի իմ հաջողության գաղտնիքն է», — նշում է մեր զրուցակիցը։

Ռիսկերի մասին հարցին Նազանին տվեց հետևյալ պատասխանը՝

«Ամենամեծ ռիսկին բախվեցինք համավարակի ժամանակ, բայց լուծումը գտանք․ սկսեցինք կազմակերպել դասընթացներ, ուսուցանել ձեռարվեստ նկարչություն հագուստների վրա, կազմակերպեցինք բացօթյա պարապմունք, ինչն էլ օգնեց մեր բիզնեսին ավելի տարածվել»։

Արդեն 4 տարի կայացած բիզնեսի գլխավոր ձեռքբերումը Նազանին համարում է մանկության երազանքի իրականացումը։

Որպես ձեռներեց մեր զրուցակիցը իրեն բնութագրում է ինչպես նորարար, բիզնես դաշտում ակտիվ և նախաձեռնող, նոր հաճախորդների հետ շփվել սիրող անձ։

«Իմ երազանքը տրված էր ի վերուստ և այն իրականություն դարձավ»։

Գնե՛ք հայկականը՝ ի շահ հայ արտադրողի և Հայաստանի տնտեսությանը։

Կիսվել նյութով