ARMSME

Հայկական առաջին ու միակ հեծանիվները․ «Բեզու»

Օրերից մի օր, երբ Ալեքսանդր Խաչատուրովը ցանկանում էր հեծանիվ գնել, սակայն չգտավ իր «երազանքների» երկանիվ փոխադրամիջոցը, որոշեց ստեղծել այն։

Գաղափարից իրականություն ընկած ճանապարհը որքան էլ բարդ էր, սակայն հաջողության հիմքում ընկած բանաձևը՝ գաղափարին հավատալն ու քրտնաջան աշխատանքը, չէին կարող չտալ «պտուղներ»։

Արտադրելու ու արարելու մոլուցքը հանգիստ չէին տալիս Ալեքսանդրին, և ինժեներական թիմի ու Ասյա Այվազյանի օգնությամբ սկսվեցին աշխատանքները։

2021 թվականից մեկնարկած աշխատանքներն ավելի մեծ թափ ստացան 2022-ին, երբ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն աջակցեց ու գաղափարի հեղինակներն էլ սեփական ներդրումների շնորհիվ ավարտին հասցրեցին նախագծային փուլն ու նախատիպերի փորձարկումներն ու լծվեցին առաջին խմբաքանակի արտադրությունը։

«Բեզուն»՝ Հայաստանի միակ հեծանիվներ արտադրող ընկերությունն է, որը ստեղծում է քաղաքային ու միջքաղաքային հեծանիվներ, որոնք նախագծվում են ամբողջությամբ մեր երկրում։

«Բեզուի հեծանիվներն ամբողջությամբ հարմարեցված են Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային պայմաններին։ Մոտ ապագայում նախատեսում ենք ընդլայնել հեծանիվների տեսականին։ Ունենալու ենք մանկական և էլեկտրական մոդելներ», — ասում է Ալեքսանդրը։

Այն տարբերվում է խոչընդոտները աննկատ հաղթահարելու և վերելքներն ու վայրէջքները, փոսերով հարուստ ճանապարհները ավելի դյուրին անցնելու համար։

«Բեզու» հեծանիվները նախագծվում և արտադրվում են Հայաստանում, ինչը տալիս է մեծ առավելություններ սպասարկման տեսանկյունից, այսինքն դուք ստիպված չեք լինի սպասել ինչ-որ պահեստամասի մինչև առաքվի արտերկրից, եթե այն խափանվել է։ «Բեզու»-ում ամեն ինչ առկա է։ Մեր հեծանիվների համար օգտագործվում է միայն որակյալ, հուսալի միջազգային շուկայում հայտնի պահեստամասեր», — ասում է գաղափարի հեղինակը և հավելում, որ «Բեզուն» առաջարկում է անհատականացված հեծանիվներ՝ յուրաքանչյուր հաճախորդի ֆիզիկական պարամետրերին՝ հասակին, քաշին համապատասխան։

Արտադրողը հնարավորություն է տալիս հեծանիվների յուրաքանչյուր պահեստամաս, անգամ գույնը, որոշել հաճախորդի կողմից։ «Բեզու»-ն ընձեռում է շանս՝ պատվիրել գնորդին հարմար նախընտրելի և անհատական դիզայնով ու կոմպլեկտացիայով հեծանիվներ։

Չնայած նման բազմազան առաջարկներին ու առաջին հայացքից հեշտ թվացող գործընթացին, արտադրողները բախվել են բազում խնդիրների՝ «Հեծանիվների արտադրության փուլում բախվել ենք պահեստամասերի բեռնափոխադրման և գնման հետ կապված խոչընդոտների, ինչը կապված էր համաշխարհային պատերազմական և ճգնաժամային իրավիճակի հետ։ Մեզ հաջողվեց գտնել լուծումներ և մենք փոխեցինք ամբողջ լոգիստիկ շղթան և սկսեցինք աշխատել նոր մատակարարի հետ», — ասում է մեր զրուցակիցը։

Գնե՛ք հայկականը, ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։

Կիսվել նյութով