ARMSME

Իրանում և Կատարում քննարկվել է տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 24-27-ը այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն և Կատարի Պետություն՝ տնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

Այցի շրջանակում հուլիսի 25-ին Նարեկ Տերյանն ու ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը Թեհրանում մասնակցել են Առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։ Իրանական կողմից նիստի համանախագահն էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալի Ռեզա Փեյման Փաքը։

Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը իրանական ընկերություններին առաջարկվել է ուսումնասիրել ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների իրականացման հնարավորությունը։

Աշխատանքային խմբի նիստի ընթացքում իրանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ՀՀ-ում մասնակցել տեխնիկական սպասարկման, ինժեներական, շինարարական նախագծերին։

Քննարկվել է նաև ՀՀ-ում միասնաբար համագործակցելով՝ արդյունաբերական ավան հիմնելու հարցը։ Անդրադարձ է կատարվել նաև ապրանքափոխանակում իրականացնող, ինչպես նաև դեղագործական ընկերությունների միջև համագործակցության հաստատման հնարավորություններին։

Հուլիսի 26-ին նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալի գրասենյակի ղեկավար Մեհդի Մահդի Ղալե Նոյի հետ։ Քննարկվել են գիտական, տեխնոլոգիական, տեխնոպարկերի հիմնման ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։

Ղալե Նոյը հրավիրել է հայկական ընկերություններին և գործարարներին մասնակցել նոյեմբեր ամսին Թեհրանում կայանալիք տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին։ Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ Նարեկ Տերյանն ընդգծել է այս ուղղությամբ երկուստեք ձեռնարկվող քայլերի ու գործողությունների ակտիվացման անհրաժեշտությունը և տեխնոլոգիական կենտրոն բացելու կարևորությունը։

Հուլիսի 27-ին Կատարի Պետության Դոհա քաղաքում Նարեկ Տերյանը հանդիպել է Համադ նավահանգստի Գործադիր նախագահի տեղակալ Աբդուլազիզ Նասըր Ալյաֆեյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր եզրերը։ Անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությանը։

Կիսվել նյութով