Հայասստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել են Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում հայ-վրացական «Բարեկամության» կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադրաձ է կատարել նաև հայ-վրացական հարաբերություններին՝ տնտեսական հարցերում:
«Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք: Իհարկե, նախորդ տարիները, հետքովիդյան տարին բազան այդքան էլ մեծ չի եղել, բայց ամեն դեպքում, սա շատ տպավորիչ ցուցանիշ է, որը, կարծում եմ՝ համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է: Մեր ինտեսիվ հարաբերությունների ֆոնին, երբ վերադառնում ենք և նայում ենք թվերին և տեսնում ենք այսպիսի դրական տենդենցներ, դա իհարկե մեզ ոգևորում է, որ մեր ինտեսիվ հարաբերությունները փորձենք ավելի ինտենսիվ դարձնել :
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, և հենց սա նկատի ունեմ, որ մեր աշխատանքով պետք է այդ ներուժը կարողանանք օգտագործել: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով»։
Վրաստանի վարչապետը նույնպես կարևորել է կամրջի դերը՝ 2 երկրների առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի հզորացման համար:
Արարողությունից հետո Փաշինյանն ու ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել են Բագրատաշենի անցակետ: Այցի ընթացքում վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը, տարանջատել բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ուղեհոսքերը՝ ներկայում գործող մուտքի և ելքի միասնական գոտու փոխարեն:
Արդիականացումը կնպաստի արտահանման և ներմուծման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հսկողության թիրախավորմանը և գործառույթների կրկնության բացառմանը, ինչպես նաև զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ու քաղաքացիների պատշաճ սպասարկմանը:



