ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Հաշմանդամությունն արգելք չէ բիզնես սկսելու համար. Ռոման Եղիազարյան

Հաշմանդամությունն արգելք չէ բիզնես սկսելու համար: Եթե չեք հավատում այս խոսքերի իսկությանը, ապա ունենք հերոս, որը ձեզ հակառակը կապացուցի:

Ռոման Եղիազարյանը բանակում ստացած վնասվածքի պատճառով ձեռք է բերել հաշմանդամություն և արդեն մի քանի տարի է ինչ օգտվում է անվասայլակից, ինչի պատճառով նա բախվել է տարատեսակ խնդիրների: Օրեցօր հասկանալով սովորական անվասայլակներով կյանքը լիարժեք վայելելու բարդությունները, նա ձեռքերը ծալելու փոխարեն անցավ գործի:

«Քանի որ ես ինքս արդեն 20 տարի է օգտվում եմ անվասայլակից. ինքս ունեցել եմ ակտիվ և թեթև անվասայլակի կարիք, ու քանի որ այդ սայլակները շատ թանկ են եվրոպական շուկայում միտք առաջացավ ինքս պատրաստեմ»:

Որքան էլ ճանապարհը բարդ էր և լի խոչընդոտներով նա չընկճվեց և սկսեց իր առաջին թեթև անվասայլակի արտադրությունը: «Առաջին սայլակը պատրաստել եմ 3 տարի առաջ փորձարկման համար և ինքս օգտագործել եմ», — ասում է Ռոմանը:

Նա նշում է, որ բախվել է բազում դժվարությունների, որոնցից կառանձնացնի գումարի և որակյալ պահեստամասերի խնդիրները, սակայն դա նրա համար ևս արգելք չի հանդիսացել ու շարունակել է աշխատել հանուն գաղափարի:

Ռոմանը մեզ հստակ բացատրեց սովորական և ակտիվ սայլակների տարբերությը՝ «Ակտիվ սայլակը ավելի հարմարավետ է, քանի որ այն պատրաստվում է տվյալ օգտատիրոջ չափսերով, ավելի կոմպակտ է և թեթև, սայլակից օգտվող մարդն ավելի ակտիվ և ինքնուրույն է լինում», — պարզաբանում է նա:

Անկասկած քրտնաջան աշխատանքը չէր կարող չտալ պտուղները և հիմա շուկայում պահանջարկը շատ է ու անվասայլակից օգտվող անձանց 75%-ը ցանկություն և կարիք ունի ակտիվ սայլակի:

Նշենք, որ ապագյում նախատեսվում է դրամահավաք կազմակերպել՝ ակտիվ սայլակների արտադրանքն ավելացնելու համար, ինչը կապահովի դրանցով այն անձանց, ովքեր ունեն դրա կարիքը, սակայն միջոցների բացակայության պատճառով չեն կարող դրանք ձեռք բերել:

Հիշեք, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ:

Գնե’ք հայկականը՝ հանուն հայ արտադրողի և Հայաստանի տնտեսությանը:

Դերենիկ Խաչատրյան

Կիսվել նյութով