ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Նոր գրախանութ՝ Գյումրիի սրտում․ ԴաՎինչի

ԴաՎինչի ապրանքանիշն արդեն 2 տարեկան է։ Բոլորիս քաջ հայտնի բրենդն ընդլայնում է իր աշխարհագրությունն ու այժմ նոր խանութ սրահ ունի Գյումրիում։

Գաղափարների, ռիսկերի, տեսականու և շատ ավելիի մասին զրուցել ենք Գյումրիում գործող խանութ սրահի տնօրեն Վահե Ղուկասյանի հետ։

Բրենդի կայացման առաջին փուլը, Վահեի խոսքով, համընկնում էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խիստ սահմանափակումների հետ։

«Այն ժամանակ էին ստեղծվում մեր ինքնատիպ արտադրանքները՝ հետաքրքիր գրություններով նոթատետրները և այլն: Շատ շուտով մեր ապրանքանիշն այնքան սիրված ու պահանջված դարձավ, որ արդեն կարիք առաջացավ ու նախաձեռնություններ ի հայտ եկան տարբեր տեղերում ԴաՎինչի ապրանքանիշի խանութներ բացելու», — ասում է նա։

Ըստ Վահեի, Գյումրիում խանութ սրահ բացելու պատճառը հետևյալն է՝ Գյումրին պետք է ունենար այնպիսի գրախանութ, որը կհամապատասխաներ այդ կոչմանը՝ մեծ, ընդարձակ, լուսավոր, հարմարավետ ու գրքերի մեծ տեսականիով։ «Դա է պատճառը, որ մեր խանութը գտնվում է Գյումրու սրտում՝ պատմական կենտրոնում, որպեսզի գրքերը ներկայացված լինեն քաղաքի լավագույն վայրերից մեկում»։

Հայրաքաղաքի խանութում ներկայացված է բրենդի մեծ տեսականին՝ սկսած ԴաՎինչի ապրանքաշնիշի բոլոր օրինակներից, գրենական պիտույքների մեծ ու չկրկնվող տեսականուց, վերջացրած հայկական ու արտասահմանյան հրատարակչությունների գրքերի լայն ընտրությամբ: «Հատուկ ուզում եմ նշել նաև մեր՝ ԴաՎինչի հրատարակչության գրքերը, որոնք, իհարկե, նույնպես ներկայացված են Գյումրիում և արդեն հասցրել են նույնքան սիրվել, որքան Երևանում», — ասում է մեր զրուցակիցը։

Հայաստանի 2-րդ քաղաքից ակնկալիքները շատ են։ «Պայծառ ապագա ունի Գյումրին և հայրաքաղաք ու մշակութային մայրաքաղաք եզրույթներն այստեղ միանշանակ արդարացված են, որովհետև այստեղ իրոք զգում ես արվեստի ու մշակույթի շունչը։ Գյումրին բացառիկ վայր է ու այն պետք է փայփայել ու զարգացնել: Գյումրին անպայման կզարգանա, որովհետև գոնե մեկ անգամ Գյումրի այցելած մարդը անպայման ուզում է նորից վերադառնալ: Ու հուսով ենք, որ մեր գեղեցիկ գրախանութը նույնպես նպաստում է Գյումրու զարգացմանը», — շեշտում է Վահեն, հավելելով, որ այստեղ միակ ռիսկը, քաղաքի հետևից զարգանալ չհասցնելն է։

Ցավոք, բազում դրական կողմերով հանդերձ, աչքաթող չի կարելի անել այն խնդիրները, որոնք կան քաղաքում։ Մեր զրուցակցի խոսքով աղբահանությունն ու լուսավորությունը քաղաքում խնդիր են և հնարավորության դեպքում նրանք բարձրաձայնում են այդ խնդիրների մասին ու հույս ունեն, որ թերությունները կվերանան։

Խանութ սրահի տնօրենը վստահ է, որ ԴաՎինչի ապրանքանիշն ու գրախանութը միշտ կզարմացնեն բոլոր հաճախորդներին ու այցելուներին նորանոր հետաքրքիր գաղափարներով ու մշտապես թարմ շնչով։

Նշենք, որ խանութը գտնվում է Աբովյան 139 հասցեում։

Գնե՛ք հայկականը՝ ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։

Դերենիկ Խաչատրյան

Կիսվել նյութով