ARMSME

Ստորագրվել է հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ՝

Հոկտեմբերի 18-ին Բուլղարիայի «Ալեքսանդր Նևսկու» անվան հրապարակում տեղի է ունեցել պետական այցով Բուլղարիայի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորելու պաշտոնական արարողությունը:

Այնուհետև Բուլղարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի առանձնազրույցը, ինչին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են հայ-բուլղարական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում։ Նշվել է նաև, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոլորտային համագործակցությունը հարստացնելու լավ հարթակ է:

Կողմերը անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծելով, որ առանց կայուն ու տևական խաղաղություն հաստատելու՝ զարգացում ապահովելը դժվար կլինի։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին հայտարարություն։ Այնուհետև ստորագրվել է հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր․ հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հավելենք, որ այսօր Խաչատուրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ:

Այդ այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Կիսվել նյութով