Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուսումնասիրության, տարեկան Հայաստանում արտադրվում է շուրջ 6,000 տոննա պլաստմասե վերամշակվող թափոն, որը խնդրի աղբյուր լինելու փոխարեն կարող է դառնալ եկամտի աղբյուր:
2018 թվականին Հայաստանում մեկնարկեց «Օգնության կափարիչ» ծրագիրը, որը խցանների վերամշակման միջոցով, օգնում է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։
«Գաղափարը ծնվեց շատ արագ։ Հերթական անգամ ականատես լինելով Հայաստանի տեսարժան վայրերից մեկում անխղճորեն թափված աղբի հսկայական կույտին՝ հասկացանք, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել։ Ուսումնասիրեցինք աշխարհում եղած փորձն ու պարզեցինք, որ ամենաարդյունավետ ձևերից մեկը խցանների վերամշակումն է», — պատմում է Ելենա Առաքելյանը՝ ծրագրի ղեկավարը:
«Օգնության Կափարիչ» ծրագրի շրջանակում պլաստիկ շշերի կափարիչները հանձնվում են վերամշակման և ստացված գումարով ձեռք է բերվում օգնող սարքեր՝ հենաշարժական ապարատի հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ արդեն իսկ մեկ տասնյակից ավել օժանդակ սարքեր նվիրաբերվել է և ՛ անհատներին, և ՛ վերականգնողական կենտրոններին։
Բարի գործ կատարելու ցանկությունը դարձավ ծրագրի հաջողության գաղտնիքը։ Թեև առաջին քայլերը կատարելիս, ծրագիրն իրականացողներն արդեն իսկ բախվել էին մի շարք խնդիրների՝ պահեստավորման և այլ հարցերի հետ կապված. «առանց մեծ ներդրումների նման նախագիծ իրականացնելու տեսլականը դարձավ մեր գլխավոր մոտիվացիան՝ առաջ շարժվելու ուժը», — ասում է Ելենան։
Որպես կանխատեսելի և խորքային ռիսկ, մեր զրուցակիցը նշում է, որ մերօրյա ակնհայտ թանկացումները կարող են նաև խաթարել այս կարևոր նախագծի բնականոն ընթացքը։
Նախաձեռնության հետագա քայլերի զարգացմանը նպաստել է Impact Hub-ի «Զարթիր ֆելոուշիփ» ծրագիրը, որի շնորհիվ «Օգնության կափարիչ»-ը գրանցել է մի շարք հաջողություններ։
Նախագծի ապագայի տեսլականը շատ հստակ է՝ մարզային համայնքներում ծրագրի ընդլայնումը, հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու հնարավորության մեծացումը, օժանդակ սարքեր ձեռք բերելու հնարավորությունը, բնապահպանական միջոցառումների թվի ավելացումը: Շարքը կարելի է անվերջ շարունակել, քանզի գաղափարի տեսլականը հանուն մարդկանց կյանքեր փոխելուն և բնությանն օգնելուն մեծ է:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ այս կրթական, բնապահպանական սոցիալական և մարդասիրական ուղղվածություն ունեցող նախագծի մի մասը՝ իր ներդրումն ունենալով այս բարի գործում։ Միասին օգնենք մեր ընկերներին։
Հիշեք, որ անգամ ամենաչնչին բարի արարքն անվերջ ծիլեր է տալիս: