ARMSME

Խաղ` երեխաների ճիշտ զարգացման համար. «Խելքի կտոր»

Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար: Ճիշտ խաղերը զարգացնում են երեխայի ուղեղի աշխատանքը: Խաղի վրա հիմնված կրթությունը երեխաների մոտ ձևավորում է համագործակցելու կարողություն, ստեղծագործ միտք ու հետաքրքրասիրություն, որոնք մեր ժամանակների համար կարևոր հմտություններ են:

«Ցանկանում էինք մանուկների համար ստեղծել երջանիկ և հետաքրքիր մանկության հնարավորություն, ինչպիսին մենք ենք ունեցել»: Հենց այս գաղափարով առաջնորդվելով` «ԻՆԴԻԳԱՄԻ» զարգացման կենտրոնի համահիմնադրները՝ Իրինա Փահլևանյանը և Նելլի Խաչատրյանը, որոշեցին ստեղծել «Խելքի կտոր» զարգացնող խաղերը: Այն հայալեզու խաղաշարք է՝ նախատեսված 3-9 տարեկան երեխաների համար։

Վստահ եղեք, որ «Խելքի կտոր»-ը հենց այն է, ինչ անհրաժեշտ է ձեր փոքրիկներին՝ տրամաբանությունը զարգացնելու, լավ հիշողություն ունենալու և ուշադրության կենտրոնացնելու համար: Հենց այս կարևոր հատկանիշներն են ձևավորում երեխաների ուժեղ ու խելացի տեսակը։

Խաղի ստեղծմանը և փորձարկմանը մասնակցել են հոգեբաններ, լոգոպեդներ և մանկավարժներ, ինչը թույլ է տալիս վստահեցնել, որ դրա բովանդակությունը համապատսխանում է երեխայի տարիքային զարգացման չափորոշիչներին:

Երկար ու բարդ ճանապարհը, ֆինանսական և այլ ռեսուրների պակասը չխանգարեց գաղափարն իրականություն դարձնելուն: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորից ստացած աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ խաղի մշակումն ու տպագրությունը:

Ստեղծողները ցանկանում էին իրենց առաջնեկ խաղին անպայման հայերեն անվանում տալ, նախագծի դիզայներ Հասմիկ Սարաջյանի խորհրդով այն անվանակոչվեց «Խելքի կտոր» և կարճ ժամանակում սիրվեց շատերի կողմից:

Մանուկների ազատ ժամանակը լրացնելու լավագույն տարբերակը զարգացնող և ուսուցողական խաղերն են։ Դրանց առավելությունը ցանկացած այլ մանկական գործունեության նկատմամբ այն է, որ դրանում երեխան ինքն է կամովին ենթարկվում որոշակի կանոնների, իսկ կանոնների կատարումն էլ տալիս է առավելագույն հաճույք:

«Խելքի կտոր»-ն ունենալու է նոր շարք՝ ավելի մեծ տարիքի երեխաների համար, ինչպես նաև՝ թեմատիկ սերիա (աշխարհագրություն, սպորտ, մշակույթ, պատմություն և այլն)։ «Շուտով շուկա դուրս կգան նաև խաղի աշխատանքային տետրերը նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Այնպես որ գաղափարներ շատ են և հերթով իրականացնելու ենք բոլոր մեր նախագծերը», – մեր զրուցակիցն այսպես է տեսնում խաղի ապագան:

Խաղի առավելություններից մեկը իր հարմարավետությունն է, այն կարելի է պահել պայուսակում և օգտագործել ամենուր՝ տանը, բնության գրկում, տրանսպորտում:

«ԻՆԴԻԳԱՄԻ» կենտրոնի կերպարներ՝ Ինդին և Գամին, դարձան խաղի գլխավոր հերոսները: Հեղինակները համոզված են, որ նրանք դառնալու են երեխաների սիրելի ընկերները խաղի ընթացքում:

Ամփոփելով նյութը` հիշենք «Խելքի կտոր»-ի ստեղծագործական թիմի անգնահատելի խորհուրդը այս ոլորտում սկսնակներին` «Պետք է գնալ երազանքի հետևից ու իրականացնել բոլոր նպատակները, հաղթահարելով ցանկացած դժվարություն, քանզի, չկա ավելի հաճելի զգացում, քան արդեն պատրաստի արտադրանքը տեսնելը: Երբեք չհրաժարվե´ք իրական ցանկություններից ու երազանքից և չընկճվե´ք անկախ տարբեր իրավիճակներից և մարտահրավերներից: Նույնիսկ հայտնվելով ճգնաժամի մեջ` փնտրեք նոր հնարավորություններ և լուսավոր ելք»:

Նշենք, որ խաղը կարող եք ձեռք բերել այստեղ:

Գնե’ք հայկականը՝ ի շահ Հայաստանի տնտեսական զարգացման և հայ արտադրողի:

Կիսվել նյութով