ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Նոր հարթակ` «Փափուկ» հմտությունների բացը լրացնելու համար. educats

Հայաստանն աշխարհին տվել է բազում գիտնականներ։ Գաղտնիք չենք բացի, եթե ասենք, որ գունավոր հեռուստատեսությունից սկսած մինչև դոլարի կանաչ գույնը հայտնագործել են հայերը։

Անխոս, գիտության և կրթության մասին խոսելիս հարկ է նշել, որ ներկայիս կրթական համակարգի բացերը շատ են: Ցավալի է, բայց փաստ՝ դպրոցներից մինչև ԲՈՒՀ-եր կրթությունը երբեմն խեղաթյուրվում է, բառի ուղղակի և անուղղակի բոլոր իմաստներով։

Եթե նույնիսկ պատկերացնենք, որ գիտելիք ստանալ ցանկացողները դպրոցական գրականությունից ու հավելյալ նյութերից բացի փորձում են նաև սերտել դպրոցում երբեք չխոսացվածի մասին, միևնույն է, նրանք ձեռք չեն բերի այն
հմտությունները, որոնք այսօր պահանջում է գործատուն։

Իսկ ի՞նչ է պահանջում գործատուն։

Հաշվի առնելով երիտասարդների նկրտումները դեպի թվային ոլորտ, պարզ է
դառնում, որ այս ոլորտում արդեն հաջողության հասածները չեն կարող ունենալ սահմանափակ մտածելակերպ, չտիրապետել համակարգչային տարրական գիտելիքների, չտարբերել Ա-ն Բ-ից։

Իսկ ինչպե՞ս ստանալ պահանջվող «փափուկ» հմտությունները:

Եթե կա խնդիր` կա լուծում։ Այս դեպքում լուծում է առաջարկում նորաստեղծ educats կրթական հարթակը, որն առաջարկում է Soft Skill-եր կամ «փափուկ
հմտություններ» սերտելու լավագույն տարբերակը։

Արսեն Սահակյանը, որը այս startup-ի հեղինակներից մեկն է պատմեց դրա մասին`

«educats-ը կրթական հարթակ է, որը պետք է լրացնի ֆորմալ կրթության բացերը` փափուկ հմտությունների ոլորտում: Մարդիկ educats-ի շնորհիվ պետք է աշխատաշուկայում դառնան ավելի մրցունակ: Այսօր ակադեմիական կրթություն ստացած անձանց գերակշռող մասը չի կարող իրեն գտնել աշխատաշուկայում, որովհետև այսօր գործատուն չի փնտրում միայն «չոր» գիտելիք ունեցող մարդու, այլ նաև հավելյալ որակներ ունեցող անձանց, իսկ այդ որակները մենք ստանում ենք փափուկ հմտություններից` մենք պետք է փորձենք լրացնել այդ բացը»:

Արսեն Սահակյան. educats հարթակի համահիմնադիր

Փափուկ հմտությունները կարիերայի համար կարևոր, ոչ մասնագիտական հմտությունների համալիր են, որոնք պատասխանատու են աշխատանքային գործընթացին հաջող մասնակցության ու աշխատանքի բարձր արդյունավետության համար և համընդգրկուն են, այսինքն, կապված չեն որոշակի առարկայական ոլորտի հետ։

Արսենը մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպես են պատրաստվում մատուցել այդ փափուկ հմտությունները`

«Կայքում պետք է դասընթացների ու դեսպանների համար առանձին բաժիններ լինեն: Հարթակի նպատակն այն է, որ երիտասարդներին կապենք տարբեր մասնագիտություն ունեցող անձանց հետ. նախևառաջ ստեղծվելու է բազա. այդ պրոցեսն արդեն մեկնարկել է: Տարբեր ոլորտի կարկառուն դեմքեր պետք է միանան մեզ և նրանք դառնալու են այս նախաձեռնության կարևոր կրողը:

Քանի որ իրենք դա իրականացնելու են անվճար, համատասխանաբար, դա իրենից ենթադրում է դեսպանի գործառույթ: Յուրաքանչյուր դեսպան իր կյանքից նվիրաբերելու է (խմբ -ժպտում է) որոշակի ժամանակ, իսկ մենք այն փորձելու ենք սպառել: Փորձագետների համար կայքում հատկացված է լինելու առանձին բաժին և այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են մեր ծառայութններով մտնելու են կայք, ընտրելու են, թե որ փորձագետի հետ են ցանկանում սովորել, գրանցվելու են ու հենց խումբ ձևավորվի, նրանց տեղեկացնելու ենք այդ մասին ու դասընթացները մեկնարկելու են:

Դասընթացները բացի դրանից լինելու են նաև անցանց` օֆլայն: Նրա խոսքով փորձելու են հնարավորինս շատ մարդկանց ներգրավել: Գյումրիում, Երևանում, այլ քաղաքներում և Արցախում ևս ծրագրում են իրականացնել կրթական այլ միջոցառումներ։

Իսկ նման հարթակ ունենալու գաղափարը ձևավորվել էր հեքեթոններից մեկի ժամանակ` «Հեքեթոններից մեկի ժամանակ ուսումնասիրեցինք կրթության ոլորտի բացերը և տեսնելով, թե ինչքան քիչ տեղ է հատկացված փափուկ հմտություններին, մեր թիմով, որը կազմված էր Շիրակի մարզի երիտասարդներից, համախմբվեցինք այս գաղափարի շուրջ ու ներկայացնելով այն հաղթեցինք»:

Այս ստարտափի հեղինակները համոզված են, որ «փափուկ հմտությունների» մասին հայկական շուկայում շատ քիչ տեղեկություններ կան ու նրանք եկել են, որպեսզի լուծեն այդ խնդիրը:

«Մեր ծառայությունը բոլորի համար է` անկախ սեռից ու տարիքից»:

Հիշեք, որ Կրթվածությունն այն է, ինչ մնում է, երբ մոռանում են այն, ինչ սովորել են: Ալբերտ Էյնշտեյն

Կիսվել նյութով