ARMSME

Սահմանամերձ գյուղից՝ մինչև Ռուսաստան. Թթվի բիզնեսը զարգանում է

Գերյուսի, Գորես, Կյուրիս՝ այսպես է հիշատակվում ներկայիս արևաշատ Գորիս քաղաքը պատմական էջերում։ Քաղաք, որն ունեցել է անօրինակ թատրոն և առանձնահատուկ ճարտարապետություն՝ դեռևս անհիշելի ժամանակներից։

Սարերի մեջ թաքնված ու այս գողտրիկ տարածաշրջանում շատ տարածված է ճխթթուն, որը տեղացիների սիրելին է՝ միշտ անպակաս սեղանից։ Ասում են՝ բազուկով թթվի հայրենիքը հենց Գորիսն է, բուսատեսակն այստեղ լավ է աճում, բնակիչները զբաղվում են դրա մշակմամբ։ 

2022 թվականին Հայաստանի սննդաարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը, ինչը խոսում է այն մասին, որ տեղի արտադրողները բավարարում են ներքին պահանջարկը և կատարում արտահանում:

Պահածոների արտադրությամբ է զբաղվում նաև Վլադ Բագրատյանը, որը 22 տարեկանում կարողացել է ճխթթվի արտադրությամբ հասնել հաջողությունների: Բնակվելով սահմանամերձ գյուղում՝ Շինուհայրում, հայրենիքի հանդեպ ունեցած սերը երիտասարդին դրդել է նախասիրությունները վերածել եկամտի՝ չկտրվելով սեփական արմատներից՝ հավատարիմ մնալով սիրելի գյուղի բարքերին։

«Մտածում էինք ինչ արտադրել գյուղում, որ ունենա բրենդ դառնալու պոտենցիալ և կանգ առանք պահածոների վրա, իսկ Գորիսի բրենդային ուտեստներից մեկը հենց ճխթթուն է». բիզնեսի մտքի մասին պատմում է մեր զրուցակիցը, հավելելով, որ չի պատկերացնում իր կյանքը՝ գյուղից հեռու: Արդեն ուսանողական տարիներին սկսել էր կազմել բիզնես ծրագիրը, չհարմարվելով երևանյան վարք ու բարքին, ուսումը ստանալուց հետո վերադարձել է գյուղ և սկսել եղբոր հետ զբաղվել ձեռնարկատիությամբ:

«Մոտիվացիան մեկն էր՝ կտրվել քաղաքի աղմուկից, վերադառնալ գյուղ ու մնալ այնտեղ՝ սեփական փոքրիկ բիզնեսն առաջխաղացնելով»:

Ամեն ինչ հստակ պատկերացնելուց հետո անհրաժեշտ էր գործել: 2019թ.-ի հոկտեմբերին սկսվեց արտադրությունը, սակայն կորոնավիրուսի համավարակը խոչընդոտեց բիզնեսի բնականոն ընթացքին և առաջացրեց անսպասելի խնդիրներ: Դուրս գալով ճգնաժամից, որոշ ժամանակ անց աշխատանքները հաջող վերսկսելուց հետո սկիզբ առավ պատերազմը, որի ընթացքում արտադրություն շարունակելը՝ սահմանամերձ գոտում, պարզապես անհնար էր:

Երիտասարդ գործարարը նշում է, որ նման ծանր փորձությունները հարմար նախադրյալներ են հուսալքվելու և ամեն ինչ թողնելու համար, բայց նրանք որոշել են չհանձնվել և համառ քայլերով առաջ շարժվել, որն էլ դարձել է նրանց հաջողության գաղտնիքը:

«Մեր օրերում բիզնեսի ամենամեծ մարտահրավերը աշխարհքաղաքական անկայունությունն է, հատկապես, եթե գործունեություն ես ծավալում սահմանին մոտ գտնվող համայնքում»:

Հայաստանում արտադրվող ճխթթվի պահածոները հիմնականում արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն: Արտադրողի խոսքով ամեն ինչ ներդրվել է զրոյից և այսօր տարեկան մի քանի հազար տարա վաճառք ունեն և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում:

Ընկերությունը լիովին բաց է նոր համագործակցությունների համար: Նշում են, որ հաջորդ տարվա պլանները նախագծելիս մեծ նշանակություն է տրվում նոր համագործակցություններին և արտահանման ծավալների մեծացմանը: Ծրագրվում է ապրանքանիշի ընդլայնում՝ ևս 2-3 արտադրատեսակի ավելացում, որը կխթանի հայրենի գյուղում աշխատատեղերի թվի աճին և բերքի մթերման խնդրի լուծմանը:

Մեր զրուցակիցն իր խոսքը եզրափակեց մեջբերելով Ալբերտ Բանդուրայի խոսքերը՝ «Մարդկանց պատկերացումները սեփական ընդունակությունների մասին զգալիորեն ազդում է այդ ընդունակությունների վրա»:

Հիշե՛ք, որ բիզնեսում պետք է լինել համարձակ և երբեք չկորցնել հավատը սեփական ուժերի նկատմամբ: Բիզնեսն ազատություն է, կյանքիդ իրադարձությունների կառավարումը քո ձեռքում է:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, մեր երկրում տարեկան արտադրվել է շուրջ 14.5 հազար տոննա պահածո: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 30%-ով:

Գնե՛ք հայկականը, ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։

Կիսվել նյութով