ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Լիբանանից Հայաստան՝ բիզնեսի նոր հեռանկարներով

Լիբանանում տեղի ունեցած պատերազմի պատճառով հազարավոր հայեր դարձան իրենց արմատներին, տեղափոխվեցին Հայաստան և սկսեցին նոր կյանք։ Հայրենադարձ շատ հայորդիներ ունեին հստակ նպատակ՝ շենացնել և վարձահատույց լինել հայրենիքին։ Այս նպատակով Հայաստան ժամանեց լիբանանահայ Հակոբ Կելեքյանը, որը ցանկանում էր սեփական բիզնեսը սկսել և իր մասնակցությունն ունենալ երկրի զարգացման գործում։

Մանուկ հասակում ծնողները Հակոբի մոտ նկատել են մեծ սեր և հետաքրքրություն՝ դեպի դիզայնն ու արվեստը, 15 տարեկանում արդեն սկսել է ստեղծագործել։

Շապիկների տպագրության մասին Հակոբ Կելեքյանը դեռ վաղուց էր մտածել, հայրենիք վերադառնալով որոշեց միտքը գործի վերածել և կատարեց առաջին քայլերը։

Նախքան հստակ գործողությունների անցնելը, անհրաժեշտ էր ուսումնասիրել շուկան, ծանոթանալ տեղի ընկերությունների հետ և տեղեկությունների բազա հավաքել․

«Գիշերները համացանցով տպագրությամբ զբաղվող ընկերությունների աշխատանքն էի ուսումնասիրում, երկրորդ օրը այցելում նրանց, ծանոթանում մանրամասներին»։

Երբ նախագծված էր գործողությունների հստակ պլանը՝ մնում էր գործել։ Ընկերությունը սկսել է զբաղվել շապիկների տպագրությամբ, ասում են՝

«Կյանքը շատ կարճ է, միապաղաղ հագուստ կրելու համար», ապա ընդլայնել են արտադրանքը և ստեղծել տարբերվող բաժակներ։

Հայաստանի վարք ու բարքից անտեղյակ երիտասարդի համար այնքան էլ հեշտ չէր միանգամից հարմարվել անծանոթ միջավայրին, հատկապես, երբ ցանկանում ես զբաղվել բիզնեսով։ Թեև խնդիրները շատ էին՝ հնարավորությունները քիչ, նրանք որոշեցին առաջ շարժվել, թեկուզ փոքր, բայց կարևոր քայլերով։ Հումքի ու ինֆորմացիայի բացակայությունը կազմակերպության գլխավոր խնդիրներից է։

Ապագայի տեսլականը մասին խոսում է այսպես՝

«Ցանկանում ենք ընդլայնել բիզնեսը, թեև շուկայում նոր ենք, պատրաստվում ենք դառնալ Երևանի հայտնի կազմակերպություններից մեկը։ Նախագծեր ենք մշակում ավելի մեծ քանակությամբ հաճախորդներ ներգրավելու համար, կարևորում ենք նրանց կարծիքն ու գնահատականը»։

Գնե՛ք հայկականը, ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։

Կիսվել նյութով