Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Impact Hub Yerevan-ի ամենամյա տոնավաճառը, որը երրորդն էր Hub-ի պատմության մեջ։
Տոնավաճառին ներկայացել էին 37 ընկերություն՝ սեփական արտադրանքով, որոնցում գերակշռում էին ձեռագործ իրերը։
Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով սա հնարավորություն է Hub-ի անդամ կազմակերպությունների և այլ սոցիալական ձեռնարկությունների համար, քանի որ դրանք կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու վաճառել դրանք։
«Այս տարի մասնակցության մեծ քանակության հայտադիմումներ ունեցանք, բայց, ցավոք սրտի, չկարողացանք բոլորին ընդունել, որովհետև տեղը սահմանափակ էր»։ Գևորգը հավելեց, որ մարդկանց հոսքը բավականին շատ էր, իսկ Hub-ում տիրող տրամադրությունը՝ բարձր։
Impact Hub-ի գործառնական տնօրեն Տաթև Մանտոյանն էլ խոսեց միջոցառման գաղափարի մասին՝
«Միջոցառման միտքը առաջացավ 2020 թվականին, երբ պատերազմից հետո որոշեցինք ՓՄՁ-ներին հարթակ տրամադրել, որտեղ նրանք կկարողանան ներկայացնել իրենց ապրանքը և բավականին մեծ հաջողություն ունեցանք, որը շատ ոգևորիչ էր և որոշեցինք այն դարձնել պարբերաբար։ Տրամադրվող տարածքի վարձակալությունից ստացված գումարի 20 %-ը առաջին 2 տարիներին ուղվեց Արցախից տեղահանված ընտանիքներին, իսկ այս տարի ծերերի խնամքի կենտրոնին»։
Տոնավաճառին ներկայացավ նաև ԲԱԼ ԼԱԲ-ը, որը ստացված ողջ շահույթը տրամադրելու է Շիրակի մարզում շարժական, թվային լսարան ստեղծելուն։
Նշենք, որ Armenian SME-ն միջոցառման լուսաբանումն իրականացրեց տեղից։