ARMSME

Կոտրելով կարծրատիպերը. «Apricot»

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն 2022թ. առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն: 

Գաղտնիք չէ, որ մեր երկիրն այցելուներին հիացնում է իր անօրինակ մշակույթով ու չքնաղ բնությամբ, յուրաքանչյուրը Հայաստանից մեկնելիս ցանկանում է իր հետ տանել դրա մի մասնիկը։

Հենց այս առաքելությամբ էլ Վանաձորում գործող «Аpricot» ընկերությունն առաջարկում է հուշանվերների լայն տեսականի՝ պատրաստված հաշմանդամություն ունեցող մարդկանց կողմից։ Կազմակերպության 40 աշխատակիցներից 36-ն ունեն հաշմանդամություն և հենց սա է նրանց հաջողության գրավականը։ 

Հիմնադիր Գայանե Խաչատրյանի խոսքով, այսպիսի գործ ձեռնարկելու ամենամեծ մոտիվացիան եղել է հաշմանդամություն ունեցող մարդկանց և սահմանամերձ գյուղերի կանանց աշխատանքով ապահովելը․ «Կանայք թեյերի վայրի հավաքն են իրականացնում, իսկ մնացած աշխատակիցները, որոնք ունեն առողջական կամ մտավոր որևէ խնդիր, իրենց ձեռքերով պատրաստում են մեր հուշանվերները»: 

6 տարի առաջ, երբ հիմնադրվեց ընկերությունը, արտադրում էին սառնարանի մագնիսներ ու չէին էլ պատկերացնում, որ ապագայում կկարողանան այսքան ընդլայնել բիզնեսի ծավալները՝ արտադրելով թեյեր, շոկոլադներ և բազմատեսակ հուշանվերներ։

Խնդիրների մասին խոսելիս մեր զրուցակիցը նշեց ամենամեծ խոչընդոտը, որն առաջին քայլերը կատարող կազմակերպության համար դեմոտիվացիա լինելու փոխարեն դարձավ ամենամեծ մոտիվացիան․«Երբ մարդիկ իմանում էին, որ արտադրատեսակը պատրաստել են հաշմանդամություն ունեցող անձինք, խուսափում էին այն գնելուց և ամենամեծ ձեռքբերումներից մեկը դարձավ այս շեմի հաղթահարումը, երբ կարողացանք կոտրել այդ կարծրատիպը»։

«Apricot»-ը հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար դարձավ այն հենակետը, որի կարիքն ունեն նրանք։ Կարճ ժամանակում, ընկերական կապեր հաստատելով, նրանք իրենց զգում են ինչպես տանը։ Միասին սրճարան են այցելում, կինոթատրոն, ակտիվ քննարկումներ են անցկացնում ու կարծիքներ փոխանակում։ 

«Նրանք դարձել են Apricot-ի բալիկները»․ Հիացմունքով նշում է հիմնադիրը։

2023 թվականին ընկերության տեսլականը՝ արտադրանքի ծավալների մեծացումն է՝ պատրաստվում են նոր թեյերի տեսականի հավելել, ինչպես նաև մտածում են արտահանում սկսելու մասին։ 

Այս ամենի միակ նպատակը ավելի մեծ թվով հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքով ապահովելն է, որին միտված են «Apricot»-ի բոլոր քայլերը։

Գնե՛ք հայկականը՝ ի շահ հայ ձեռներեցի և Հայաստանի տնտեսության։

Կիսվել նյութով