Ծաղիկներն ունեն իրենց հատուկ բնավորությունն ու «վերաբերվում» են մարդկանց կա՛մ զվարթորեն՝ փարթամ ծաղկելով, կա՛մ ոչ՝ կախված նրանից, թե վերջիններս ինչպես են նրանց վերաբերվում։
Հայաստանը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, այստեղ 1կմ2 վրա հաշվվում է ավելի քան 100 բուսատեսակ, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։
Մանկուց ունենալով մեծ սեր ու հետաքրքրություն դեպի ծաղիկները, Սևան Հակոբյանը որոշում է իր հոբբին դարձնել բիզնես և հաճույք ստանալ իր իսկ ձեռքով պատրաստած արտադրանքից։ Այս գործով զբաղվում է արդեն 20 տարի, սկզբում՝ Թեհրանում, ապա հայրենի երկրում։
Հայրենիքի չքնաղ բնության գլուխգործոցներից են բազմերանգ դաշտային ծաղիկները, որոնք իրենց քնքշությամբ հիացնում են հիմնադրին ու նա իր առջև դնում է հստակ նպատակ․ ստեղծել բիզնես, որը կպահպանի դրանց հավերժական տեսքն ու աննման գեղեցկությունը։
«Փունջ»-ը պատրաստում է շրջանակներ և տակդիրներ՝ անթառամ ծաղիկներով, որոնք յուրահատուկ են դարձնում ցանկացած միջավայր ու հաղորդում առանձնահատուկ փայլ։
Դարեր շարունակ հյուսվում են ամենատարբեր ու ամենագեղեցիկ լեգենդներն ու ասույթները ծաղիկների մասին և սա վկայում է հավերժ հիացմունքի ու ուշադրության մասին․ Դրանք միշտ պահանջված են ու ցանկալի։
Ապագայի մասին խոսելիս մեր զրուցակիցը ժպիտով նշեց, որ ցանկանում է հավելել տեսականին ու պատրաստել սեղաններ, մատուցարաններ, որոնք կդառնան մարդկանց ամենօրը։
Վերջում Սևանը եզրափակեց իր խոսքն ասելով.
«Եթե ունեք գաղափար, ապա անպայման այն կյանքի կոչեք»:
Գնե՛ք հայկականը՝ ի շահ հայ ձեռներեցի և Հայաստանի տնտեսության։