Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութերի պատրաստումը՝ այս նյութում կխոսենք սիներգիա երևույթի, դրա կարևորության ու թիմում այն բարձրացնելու մեթոդների մասին:
Սիներգիան գործընթաց է, որտեղ մի քանի ընկերություններ կամ անհատներ միավորվում են՝ հասնելու ավելիին, քան կարող էին միայնակ: Բառն ունի հունական ծագում, առաջացել է «syn» — միասին և «ergeia» — աշխատանք բառերի միացումից։ Այն ցույց է տալիս մի քանի գործոնների փոխազդեցության արդյունքը, որը պարզվում է՝ շատ ավելի հզոր է, քան այս նույն գործոնների կողմից առանձին-առանձին առաջացած ազդեցությունների գումարը: Այսինքն՝ ամբողջը մեծ է իր մասերի պարզ գումարից․ 1+1=3։
«Սիներգիա» բառն ունի երկար պատմություն, սակայն այս տերմինը շրջանառության մեջ է մտել միայն 1950-ականներին։ Պրոֆեսոր Ֆրեդ Ուեսթոնը մի օր ճաշում էր ռեստորանում և ճաշացանկում տեսնում է Perfect Synergy իռլանդական սուրճը: Այն սուրճի և իռլանդական վիսկիի խառնուրդ է: Պրոֆեսորը որոշեց, որ «սիներգիան» հիանալի միջոց է հաջող միաձուլումները և ձեռքբերումները բնութագրելու համար:
Օրինակ՝ երբ դուք գրում եք երգի բառերը, իսկ ձեր ընկերը՝ երաժշտությունը: Ձեզանից յուրաքանչյուրը առանձին-առանձին լավն է, բայց միասին դուք կարող եք ստեղծել գլուխգործոց: Եթե ձեր A ընկերությունը արտադրում է խաղալիք, իսկ որևէ B ընկերություն զբաղվում է դրանց արտահանմամբ ու բաշխմամբ, միասին դուք ավելի ուժեղ կլինեք ու մեծ հաջողություններ կգրանցեք: Հենց սա է սիներգիայի երևույթը:
Որտե՞ղ կարելի է գտնել սիներգիա
Այն ամենի մեջ, ինչը մեզ շրջապատում է կա սիներգիայի էֆեկտ:
Առանց սիներգիայի անհնար է պատկերացնել ԴՆԹ-ն, ֆոտոսինթեզը, գալակտիկաների ձևավորումը և ընդհանուր կյանքի կազմակերպումը:
Բայց այսօր մենք կխոսենք բացառապես բիզնես սիներգիայի մասին՝ կառավարման, մարքեթինգի, ընկերությունների միաձուլման և ձեռքբերման ոլորտներում:
Սիներգիան մենեջմենթում
Թիմի դրական սիներգիա
Թիմային սիներգիան այն է, երբ թիմի անդամները միասին ավելի մեծ արդյունքների են հասնում, քան եթե աշխատեին միայնակ:
Նույնիսկ այլ մարդկանց ներկայությունը ազդում է կատարողականի վրա: Եթե առաջադրանքները պարզ են, ապա ուրիշների ներկայությունը գրեթե միշտ բարձրացնում է արտադրողականությունը: Այս էֆեկտը կոչվում է սոցիալական դյուրացման էֆեկտ:
Այն ուսումնասիրվել է գիտնականների կողմից 19-րդ դարի վերջին։ Փորձերը ցույց են տվել, որ երկու գործընկերները, միասին աշխատելով, կարողանում են ավելին անել, քան առանձին աշխատելով։ Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ թիմային աշխատանքը մեծացնում է ավելի ստեղծագործ գաղափարների առաջացման հավանականությունը:
Ընկերությունները երբեմն հասնում են սիներգիայի զարմանալի արդյունքների, երբ ստեղծում են միջառարկայական աշխատանքային խմբեր՝ համախմբելով տարբեր ենթակառուցվածքների աշխատակիցների՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար:
Թիմի բացասական էներգիա
Որքան մեծ է խումբը, այնքան աշխատակիցը հույս ունի, որ ուրիշների ջանքերը կբավականացնեն, իսկ անձնական ներդրումն այնքան էլ կարևոր չէ։
20-րդ դարի սկզբին իրականացվեցին մի շարք հետաքրքիր փորձեր: Գիտնականները հավաքեցին մի խումբ մարդկանց և խնդրեցին նրանց՝ բարձրացնել կշռաքարեր։ Յուրաքանչյուրը գրանցեց իր կարողությունների առավելագույն ցուցանիշը։ Դրանից հետո մարդկանց բաժանեցին խմբերի։ Ակնկալիքները պարզ էին. եթե մեկ մարդ կարող է բարձրացնել, ասենք 30 կգ, ապա երկու հոգի միասին պետք է բարձրացնեն կա՛մ 60 կգ, կա՛մ ավելին՝ սիներգիայի շնորհիվ։
Բայց դա չեղավ։ Անհատական ջանքերը նվազեցին խմբում մարդկանց քանակի հետ: Երկու հոգի բարձրացրին իրենց անհատական կատարողականի գումարի միայն 93%-ը, իսկ ութը՝ ընդամենը 49%։ Ժամանակակից հետազոտողները կրկնեցին փորձերը և ստացան նույն արդյունքները։
Եթե անհրաժեշտ է կատարել որևէ բարդ առաջադրանք, այլ մարդկանց ներկայությունը կարող է նվազեցնել աշխատանքի արդյունավետությունը: Ավելորդ մարդկանց ներկայությունից սոցիալական գրգռվածությունը խանգարում է մտածողությանը և հանգեցնում՝ սխալ որոշումների: Սա կոչվում է սոցիալական արգելակում:
Կա ևս մեկ խնդիր․ երբ մի խումբ աչքի ընկնող տաղանդներ վատ են աշխատում միասին։ Սա կոչվում է Ապոլոնի համախտանիշ:
Տնտեսագետ Մերեդիտ Բելբինի խոսքերով, բարդ առաջադրանքների համար, ինչպիսին է Apollo տիեզերանավի կառուցումը, պահանջվում են բարձր ինտելեկտով և տաղանդավոր մարդիկ, սակայն նման մարդկանցով թիմերի ընդհանուր արդյունավետությունը այնքան էլ բարձր չէ: Նման խմբերի անդամները հաճախ ուշադրություն չեն դարձնում ուրիշի կարծիքին, չգիտեն ինչպես բանակցել, ժամանակ են վատնում անօգուտ վեճերի վրա, ինչի արդյունքում թիմը գտնվում է լիակատար քաոսի մեջ։
Թիմի սիներգիան մեծացնելու 4 եղանակ
- Հավաքեք փոքր թիմ՝ տարբեր մարդկանցով
Իդեալական թիմը հիմանականում կազմված է 6-10 հոգուց: Եթե թիմն ունի 6-ից պակաս անդամներ, ապա դա կարող է հանգեցնել ավելի վատ որոշումների, քանի որ թիմի սիներգիայի ամենակարևոր պայմանը նրա անդամների բազմազանությունն է: Եթե թիմում 10-ից ավելի մարդ կա, ապա դրա արդյունավետությունը սկսում է նվազել՝ ենթախմբեր են ձևավորվում, տարաձայնություններ են առաջանում։
- Ստեղծեք ընդհանուր տեսլական
Հետազոտություններից մեկի համաձայն՝ աշխատակիցների 97%-ը կարծում է, որ թիմային դասավորվածության բացակայությունն ազդում է նախագծի արդյունքի վրա: Հետևաբար, առաջնորդը պետք է հնարավորինս հաճախ կիսի թիմի հետ իր տեսլականը և նպատակները, որոնց բոլորը փորձում են հասնել միասին:
- Օգտագործեք թիմում յուրաքանչյուրի ուժեղ կողմերը
Թիմում յուրաքանչյուր մարդ ստանում է մի դեր, որը բացահայտում է իր ուժեղ կողմերը և ամեն օր նա կարող է օգտագործել իր տաղանդը ի շահ ընկերության: Այս դեպքում աշխատանքի մեջ ներգրավվելու հավանականությունը վեց անգամ, իսկ արտադրողականությունը՝ 8 տոկոսով ավելին է։ Կարևոր է՝ մարդիկ զգան, որ իրենց աշխատանքը գնահատվում է և տեսնեն իրենց ներդրումը աշխատանքի արդյունքում։
- Ստեղծեք ճիշտ կորպորատիվ մշակույթ
Ըստ Google-ի կատարած ուսումնասիրությունների, թե որն է իդեալական թիմը, հոգեբանական անվտանգությունը ամենակարևոր գործոններից մեկն էր: Հոգեբանական անվտանգությունն այն է, երբ ընկերությունում խրախուսվում է ցանկացած քննադատություն, ոչ ոք չի ամաչում նույնիսկ խելահեղ լուծումներ առաջարկել, և յուրաքանչյուրն իրեն հարմարավետ է զգում ասելու այն, ինչ մտածում է:
Սիներգիան բիզնեսում
Միաձուլումների ժամանաի սիներգիան այն է, երբ 2 երկու միավորված ընկերությունների կատարողականն ավելի մեծ է, քան դրանց գումարը, երբ գործում են միմյանցից առանձին(1+1=3)։
Համագործակցելով այլ բիզնեսների հետ, դուք ձեռք կբերեք այս ամենը․
- նոր տեխնոլոգիաներ և հետազոտություններ,
- նոր շուկաներ,
- որակավորված մարդիկ,
- կառուցված վաճառքի ալիքներ,
- նոր ներդրումներ,
- հավատարիմ հաճախորդներ,
- հարկային արտոնություններ
- ապագա աճի բազմաթիվ այլ աղբյուրներ:
Բիզնեսում օգտագործված դրական սիներգիայի օրինակ
Walt Disney Co-ն ձեռք է բերել Pixar-ը 2006 թվականին 7,400,000,000 դոլարով և կայացրել ճիշտ որոշում։ Դիսնեյը մուտք է ստացել անիմացիոն առաջադեմ տեխնոլոգիաներում՝ պահպանելով այն եզակիությունը, որը Pixar-ին հաջողության է հասցրել:
Դիսնեյի մասշտաբները թույլ տվեցին Pixar-ին ավելի կանոնավոր թողարկել հանրաճանաչ մուլտֆիլմեր և դրանք շուկա հանել մասշտաբային կազմակերպության լայն բաշխիչ ցանցի միջոցով: Pixar-ի կերպարային խաղալիքները վաճառվում են աշխարհի հարյուրավոր Դիսնեյ խանութներում և բրենդի հայտնի թեմատիկ այգիներում:
Այնուամենայնիվ, սիներգիայի սկզբունքն ասում է, որ խմբային աշխատանքի արդյունքը կգերազանցի նույնիսկ խմբի ամենափայլուն անհատի անկախ հաջողությունը: Չպետք է մոռանալ, որ լավ արդյունքի համար կարևոր է նաև թիմի անդամների հատուկ ուշադրությունը իրենց հայացքների անհամապատասխանություններին և հակասություններին: