ARMSME

Ստորագրվել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունն տեղեկացնում է, որ մարտի 2-ին Երևանում կայացել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:

Իր ելույթում Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ տեղական գրասենյակների հիմնումը ավելի սերտ ու ակտիվ համագործակցության հիմք կհանդիսանա և նոր էջ կբացի Հայաստանի և Գերմանիայի հարաբերություններում:

«KfW-ն Հայաստանում գործող ամենաակտիվ կառույցներից է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության խոշորագույն վարկատուն: GIZ- ի հետ մեր համագործակցությունը ևս բազմաշերտ է: GIZ- ը մեզ աջակցում է գյուղատնտեսության, նորարարությունների և այլ ոլորտներում: Այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք GIZ- ի հետ հետ, իսկապես դրական ազդեցություն եմ ունենում Հայաստանի Հանրապետության բնակչության կյանքի որակի վրա», — նշել է նախարարը։

Կիսվել նյութով