Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը»
Ծրագրի նպատակն է պետության կողմից ցուցաբերվող ուղղորդված աջակցության միջոցով, ջրախնայողության համակարգերի կիրառմամբ հանրապետությունում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը, բարձրարժեք սննդամթերքի արտադրությունը և դրանց արտահանման ծավալների ավելացումը։
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձռնվի՝
ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցով կազմակերպել բարձրարժեք սննդամթերքի արտադրություն,
ներդնել արդյունաբերական եղանակով խեցգետինների արհեստական աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և ավելացնել խեցգետնի արտահանման ծավալները,
նպաստել արտադրատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը,
էականորեն ավելացնել ակվակուլտուրայի ոլորտում գործունեություն իրականացնող շահառուների եկամուտները, ստեղծել նոր աշխատատեղեր։