44-օրյա պատերազմը բեկումնալի եղավ ինչպես ողջ Հայաստանի ու Արցախի, այնպես էլ մեր այսօրվա հերոսի՝ Վալերի Լյոկա Ղազարյանի համար։ Պատերազմից հետո հուսալքումն ու վիշտը հաղթահարելու ու առաջ շարժվելու ճանապարհին նա կյանքի կոչեց իր մանկության երազանքը՝ հագուստի արտադրությունը։
Հայրենիքը ոտքի կանգնեցնելու, հայկական մշակութային ժառանգությունն ու պատմությունը տարածելու համար էլ ստեղծվեց «Լյոկաս» բրենդը, որը նորի ստեղծման ու կյանքի շարունակության մասին է։ Նորաստեղծ բրենդի ողջ արտադրությունն իրականացվում է Արցախում, որի հումքը բացառապես զերծ է թուրքական արտադրանքից։
Ի սկզբանե ընկերությունը գտնվել է Երևանում, ապա տեղափոխվել է Ստեփանակերտ՝ ընդլայնվելու նպատակով և Արցախի Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ էլ հիմնվել է տեխնիկապես հարուստ ու կայուն աշխատատեղերով արտադրամաս, որը զբաղվում է սպորտային հագուստի և արծաթյա զարդերի արտադրությամբ։
Թվում էր՝ ամեն ինչ տրամաբանորեն շարունակվելու է, բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ և Արցախի շրջափակման հետևանքով արդեն 4 ամիս է, ինչ արտադրամասի աշխատանքային պրոցեսը դադարեցված է։ Հիմնադրի խոսքով շատ բարդ է նման ռիսկային գոտում ձեռներեցությամբ զբաղվելը, բայց այս թվացող դադարն էլ օգտագործվում է Երևանում նոր վաճառակետեր հիմնելու և զարդերի տեսականին մեծացնելու համար։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու և բիզնեսն ավելի կայուն դարձնելու համար անհրաժեշտ էր բիզնես ռազմավարություն ու կապերի մեծ շրջանակ, որն էլ նրանք ձեռք են բերում Իմփաքթ Հաբ Երևանի Վահե և Լյուսի ֆելոուշիփին մասնակցելու ու մեծ համայնքի անդամ դառնալու շնորհիվ։
Այս ընթացքում Լյոկասի արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, հատկապես Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի զանգակատան հրեշտակները շատ են սիրվել հաճախորդների կողմից։
Ասում են՝ իրենց աշխատանքի հիմքում ընկած է ստեղծագործական միտքն ու սերը, թիմային աշխատանքն ու հայկական մշակույթի ուսումնասիրությունը և հենց դա էլ յուրահատուկ արտադրանքի գաղտնիքն է, որի օգտագործումը հաճախորդին ինքնարտահայտվելու հնարավորություն է տալիս։
Առանձնահատուկ են նաև հուդիներն ու սպորտային տաբատները, որոնց վրա ասեղնագործված կամ տպագրված են արցախյան բարբառի հետաքրքիր գրվածքներ ու հայկական պատկերներ՝ գորգանախշեր, պատմամշակութային կոթողներ։
Բրենդի հիմնադիրն ասում է, որ բիզնեսում պարտադիր է աշխատանքը սիրելը և հավելում է․
«Ամեն ինչ կարելի է անել, ամեն ինչի հնարավոր է հասնել, իհարկե, ամենակարևորը՝ չպետք է վախենալ սխալվելուց։ Կարծում եմ, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել կրթությանը, ու սովորել բիզնես ռազմավարություն, ֆինանսական գրագիտություն, մարքեթինգ։ Քանի որ սկզբանական փուլում գրեթե ամեն ինչ հենց ինքը ձեռներեցն է անում՝ մտահղացումից մինչև առաքում»։
Բրենդի հետ կապ հաստատելու համար՝
Գնե՛ք հայկականը՝ ի շահ հայ ձեռներեցի և Հայաստանի տնտեսության։