ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Պատմության վերածնունդը. «Հայաստանի Գինիներ» ՀԿ

Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում, որի մասին է փաստում մեր երկրի հարավում հիմնադրված 6100 տարվա պատմություն ունեցող գինեգործարանը՝ հայտնաբերված 2010 թվականին: 

Գինու արտադրությունը մշտապես եղել է մեր երկրի տնտեսության զարգացած ճյուղերից մեկը. այսօր այն համարվում է մեր տնտեսության արագ զարգացող և խոստումնալից ճյուղերից մեկը: 

Հաշվի առնելով ոլորտի զարգացման միտումները՝ Հայաստանում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնց գործունեությունն ուղղված է ոլորտի աճին: Այդպիսին է «Հայաստանի Գինիներ» ՀԿ-ն, որը հիմնադրվել է 2021 թվականի մայիսի 14-ին՝ 7 գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ «Զուլալ», «Վան Արդի», «Բերդաշեն», «Վան Քեթ», «Նոա», «Ոսկենի» «Զառա Մուրադյան Վայնս» (հիմնադիրը հանդիսանում է նաև Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենը): Իսկ GIZ գերմանական համագործակցության ընկերության ֆինանսական և տեխնիկական աջակցության շնորհիվ, «Հայաստանի գինիներ» ՀԿ-ն դարձավ ոլորտային ստրատեգիկ կառույց, որը դիմադրելով ոլորտում առկա մարտահրավերներին, փորձում է երկարաժամկետ լուծումներ և մեխանիզմներ գտնել ոլորտի կայուն զարգացման համար:

ՀԿ-ի կանոնադրության կետերին համապատասխանող ցանկացած գինեգործական ընկերություն կարող է անդամագրվել կազմակերպությանը, միանալ գաղափարակից և ուժեղ համայնքի, ինչպես նաև հաճախակի հանդիպումների շնորհիվ գտնել շատ հուզող հարցերի պատասխաններ:

Գործադիր տնօրեն Լիլիթ Գրիգորյանի խոսքով գինեգործությունն ահռելի մարտահրավերներ է հաղթահարում և փորձում ոլորտի ներուժի միջոցով քիչ-քիչ ելքեր գտնել՝ բազում ծառացած խնդիրների լուծումների համար: Միևնույն ժամանակ, կան բազմաշերտ հարցեր, որոնց վերջնական հանգուցալուծումը պետության և պետական մարմինների տիրույթում է և այստեղից արդեն ընթացքը դանդաղում է կամ կանգ է առնում:

Պարզ է, որ գինեգործության հիմնաքարը խաղողագործությունն է և որակյալ գինի ստանալու առաջին նախապայմանը որակյալ խաղողն է: Եվ հարցն այստեղ ոչ թե այսօրվա կամ հաջորդ տարվա մեջ է, այլ մոտակա 10-20 տարիներին դրա կայուն ապահովումը: Ունենալով 400-ից ավել խաղողի տեղածին սորտեր, որոնցից մոտ 35-ն են օգտագործվում գինեգործության մեջ, մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ հիմնավոր ուսումնասիրել բոլոր սորտերի պատմությունը, պոտենցիալը, ինչպես նաև իրականացնել դրանց պահպանումը: Հաջորդ ամենակարևոր և օրհասական հարցը ֆիլոքսերայով վարակված այգիների խորը ուսումնասիրությունն է, հասկանալը, թե ինչով է պայմանավորված կոնկրետ մարզերում դրա տարածումը, այլապես հետագայում հնարավոր չի լինի կանխարգելել դրա հնարավոր ներթափանցվումն այլ տարածաշրջաններ, իսկ արդյունքում նաև, այգիների վերացման աղետը: 

Հայաստանի Գինիների ՀԿ-ի բոլոր անդամները կարևորում են այս հնադարյա ազգային արվեստի պահպանումն ու շարունակական զարգացումը և երբեմն հումորով նշում են, որ իրենց ներդրված ջանքերի արդյունքները հաջորդող սերունդներն են վայելելու, իսկ իրենք ոգեշնչվում են պատմությունից՝ իրենց նախնիների թողած ավանդույթներից, հայրենի հողի ու ջրի գերբնական ուժից: 

Ընկերության տեսլականի մասին խոսելիս Լիլիթ Գրիգորյանն ընդգծեց՝ գինեգործներն ամենադրական, լավատես և երազող մարդիկ են, ովքեր իրենց բոլոր էմոցիաները հաղորդում են գինուն՝ դրա ստեղծման ամբողջ պրոցեսում: Հեռանկարային պլաններ կազմելիս նրանք հաճախ առաջնորդվում են ոչ թե սեփական բիզնեսի կարիքներով, այլ ոլորտում մաշտաբային համակարգումներ և բարելավումներ մտցնելով: Դրա վառ ապացույցն են կազմակերպված փառատոնները, գինու դասընթացները, որակի պահանջի բարձրացումը հասարակության շրջանում, ինչպես նաև օրենսդրական ու կրթական բարեփոխումները: 

Կոնտակտային տվյալներ՝ ֆեյսբուք, ինստագրամ

Գնե՛ք հայկականը՝ ի շահ հայ ձեռներեցի և Հայաստանի տնտեսության։

Կիսվել նյութով