ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

«Կանայք տվյալագիտության մեջ» միջազգային միջոցառումը՝ Գյումրիում

Արհեստական բանականությունը` որպես ստեղծարար կանանց գործընկեր:
Ի՞նչ դեր է այն կատարելու ապագայի աշխատաշուկայում, կին արվեստագետների ու տվյալագետների ստեղծագործական կյանքում։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հունիսի 28-ին հրավիրում է «Կանայք տվյալագիտության մեջ» միջազգային ամենամյա միջոցառմանը, որն այս տարի կանցկացվի «Ստեղծագործական ճանաչողություն» խորագրի ներքո:
Միջոցառումը հնարավորություն կտա մասնակից կանանց ծանոթանալու արհեստական բանականության հնարավոր կիրառությանն ապագայի աշխատաշուկայում` կարևորելով այն աշխատանքային և ստեղծագործական գործընթացում:

Արհեստական բանականությունը մի նոր հեղափոխական իրականություն է բերել ամբողջ աշխարհում: Իր հետ համընթաց քայլելն այսօր կարևորագույն պայմաններից է բոլոր բնագավառներում: Արվեստում և թվային աշխարհում այն ընձեռում է ստեղծագործելու ֆանտաստիկ հնարավորություններ` անցում կատարելով դեպի նոր դարաշրջան:
Կին արվեստագետները հաճախ հատել են արվեստում ընդունելի համարվող սահմանները` ձևավորելով նոր մշակութային նորմեր: Հենց այստեղ էլ կարևորվում է արհեստական բանականության դերը` ստեղծագործական նոր հնարավորություններ բացահայտելու ճանապարհին:

Միացի΄ր միջոցառմանը, եթե

  • ուզում ես քայլել ժամանակին համընթաց` լինելով առաջադեմ ստեղծագործական աշխարհում,
  • կարևորում ես կանանց ներգրավվածությունը ինչպես տեղեկատվական, այնպես էլ արվեստի բնագավառում,
  • հետաքրքրված ես արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների կիրառմամբ` ներկայիս զարգացող բնագավառներում,
  • ցանկանում ես ծանոթանալ ապագայի աշխատաշուկային, որտեղ կարևորվելու են արհեստական բանականության կիրառման հմտությունները,
  • ուզում ես հասկանալ, թե ինչից սկսել` շփվելով ոլորտում կայացած մասնագետների հետ,
  • ուզում ես կիսվել քո փորձով` ընդգծելով կնոջ դերը ստեղծագործական աշխարհում:

Ի՞նչ է սպասվում.

  • կին արվեստագետների` դասական, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրություններ,
  • բանախոսություններ ու պանելային քննարկումներ,
  • ինտերակտիվ սեմինարներ,
  • նոր փորձառություններ
  • ֆիլմարտադրության մեջ հաջողության հասած կին արվեստագետների ֆիլմերի ցուցադրություններ,
  • ստեղծագործական միջավայր, փորձի փոխանակում, համագործակցության հնարավորություններ…

Գրանցվի΄ր որպես մասնակից https://bit.ly/3oArlhx
Գրանցման վերջնաժամկետ՝ 2023թ-ի հունիսի 24:
Միջոցառումը կկայանա հունիսի 28-ին, ժամը` 13:00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Գայի փ․1)

Այս տարի Հայաստանում «Կանայք տվյալագիտության մեջ» միջոցառումը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում և անցկացնում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, ՍայՀաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնության և «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնում» ծրագրի գործուն աջակցությամբ:
«Կանայք տվյալագիտության մեջ» ամենամյա միջոցառումը կազմակերպվում է Սթենֆորդի համալսարանի համանուն համաշխարհային համաժողովի շրջանակում: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվում աշխարհի 200-ից ավելի քաղաքներում՝ տվյալագիտության ոլորտում կանանց էական դերակատարությունն ընդգծելու և կանանց կարողությունները հզորացնելու նպատակով: Սթենֆորդի համալսարանի հետ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համագործակցության շնորհիվ՝ Հայաստանն ամեն տարի ունենում է նաև միջոցառման դեսպաններ:

Կիսվել նյութով