ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Մեդիա ոլորտի ջերմությունը. «Կելվին Ֆիլմ Լաբ»

Մեր օրերում զարգացած ու մեծ պահանաջարկ ունեցող ոլորտներից է մեդիա ոլորտը: Ֆիլմերն ու սերիալները դարձել են մեր կյանքի անբաժան մասնիկները, որոնք թույլ են տալիս կտրվել իրականությունից և հայտնվել այլ աշխարհում՝ այլ հերոսների կողքին: Իսկ ինչպե՞ս են ստեղծվում ֆիլմերը: Նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ, թե որքան ահռելի աշխատանք է տարվում ետնաբեմում, մինչ արդյունքը հեռուստադիտողի դատին հանձնելը: Մեդիա ոլորտը բավականին ճկուն է, այն անընդհատ թարմացվում է և հանդես գալիս նորովի, ոլորտի ներկայացուցիչները նույնպես քայլում են փոփոխություններին համընթաց, որ կարողանան լինել արդիական: Այսօր մեր զրուցակիցն է ոլորտի ներկայացուցիչ բեմադրող օպերատոր և մոնտաժող Մխիթար Սերոբյանը, որը որոշել է տարիների կուտակած փորձառությունը ներդնել սեփական մեդիաընկերության ստեղծման մեջ:

«Կելվին Ֆիլմ Լաբ»-ը նորաստեղծ կազմակերպություն է մեդիա ոլորտում, որն աջակցում է բոլոր այն ստեղծարար մարդկանց, որոնք ունեն հրաշալի մեդիագաղափարներ, սակայն ռեսուրսների պակասի պատճառով չեն կարողանում հաջողությամբ իրականացնել դրանք: Նրանք պատրաստ ենք ներդնել իրենց ռեսուրսներն ու փոխանցել աշխատանքի արդյունքում ձեռք բերած փորձը, զարգանալ միասին և ստեղծել որակյալ մեդիաարտադրանք։

Հիմնադրի խոսքերով «Կելվին Ֆիլմ Լաբը» հիմնելու գաղափարը ծագել է ընկերական զրույցներից մեկի ժամանակ, երբ հասկացել են, որ իրենց նման նորավարտ բազմաթիվ մասնագետներ շատ խոչընդոտների են բախվում մասնագիտական ճանապարհի սկզբում, այդ թվում՝ մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների պակաս, փորձի պակաս և այլն։ Խնդիրը ստանում է մեկ պարզ լուծում. միավորել բոլորի ռեսուրսներն ու փորձը և իրականացնել հետաքրքիր մեդիագաղափարներ կամ զարգացնել արդեն գործող նախագծերը։

Բիզնեսում առաջին քայլերը շատ հաճախ կարող են երկմտանքների ու վախերի պատճառ դառնալ, բայց եթե կա հստակ նպատակ, պետք է առանց վարանելու և բարձր մոտիվացիայով քայլել առաջ՝ պատրաստ ցանկացած խոչընդոտի: «Կելվինը» ստեղծելու հիմնական գաղափարը ոլորտում դրական փոփոխությունների հիմք դնելն էր: Մեդիաոլորտի սկսնակներից շատերը սոցիալական խնդիրների պատճառով հրաժարվում են իրենց մասնագիտությունից և այլընտրանքային աշխատանք փնտրում։ Այս ամենն, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չթողնել ոլորտի վրա, որտեղ անընդհատ նոր ու թարմ գիտելիքներով մասնագետներ են անհրաժեշտ։ Հենց այս խնդիրը լուծելու մղումն էլ դարձավ Կելվին Ֆիլմ Լաբը հիմնելու մոտիվացիան։

Իսկ ինչո՞ւ հենց «Կելվին» հարցին ստացանք այսպիսի պատասխան. «կելվինով է չափվում գունային ջերմաստիճանը. փոխաբերական իմաստով ասած՝ կելվինը ապահովում է կադրի ջերմությունը, իսկ «Կելվին Ֆիլմ Լաբը» փորձում է ապահովել մեր մեդիաոլորտի ջերմությունը»:

Լինելով նորաստեղծ բիզնես՝ «Կելվինը» նույնպես բազմաթիվ ռիսկերի ու խոչընդոտների է բախվել՝ ուժեղ մրցակիցներ, անհրաժեշտ թիմի հավաքագրում, շուկայում ճիշտ դիրքավորում, հավատարիմ հաճախորդների հավաքագրում և այլն: Այս պարագայում, ընկերության համար ամենամեծ ռիսկը մեծաքանակ ռեսուրսների ներդրումն է եղել, քանի որ սկզբնական շրջանում չի եղել սպասված արձագանքը, որի պատճառը գաղափարի նորարարությունն էր։

Կանխատեսելի ռիսկերն ու խոչընդոտները հաղթահարվել են բիզնեսի գաղափարին հավատող և աջակցող մարդկանց և կազմակերպությունների կողմից, ինչպիսին է Իմփաքթ Հաբ Երևանը: Կազմակերպության զարգացմանը մեծապես նպաստել են նույն ընկերության կողմից կազմակերպված Վահե և Լյուսի ֆելլոուշիփի մենթորները, որոնք իրենց տարիների փորձով և գիտելիքներով օգնել են Կելվինին՝ գրանցել նոր հաջողություններ: Ընկերության հիմնադիրը արտաքին գործոններից կարևորեց նաև նույն Ֆելլոուշիփի շրջանակում ստացած դրամաշնորհը, որի շնորհիվ այսօր ունեն որակյալ և հզոր մոնտաժային տեխնիկա։

«Կելվինը» զարգանում է անընդհատ. բիզնեսի ընդլայնումը ռազմավարական պլանի հիմնաքարերից է և այն պատրաստվում է ընդլայնվել միանգամից մի քանի ուղղություններով: Արդեն իսկ ընթանում են վիդեոմոնտաժի դասընթացները, որի առաքելությունը որակյալ հայկական մեդիադաշտ ստեղծելն է. մեդիաընտանիք, որը մի քանի քայլով կբարձրացնի հայկական մեդիայի որակը՝ հիմքում ունենալով կրթությունը:

Բիզնեսում սկսնակներին Մխիթարը խորհուրդ տվեց. «Չվախենալ, քանի որ միայն չվախենալով և բոլոր խոչընդոտները հաղթահարելով մենք կարող ենք հասնել այն կետին, որին ձգտում ենք, որի համար սովորել ու երազել ենք ողջ կյանքում»:

Կոնտակտային տվյալներ՝ ֆեյսբուք, ինստագրամ

Կարևորե՛ք հայկականը՝ ի շահ հայ ձեռներեցի և Հայաստանի տնտեսության։

Կիսվել նյութով