Խոհարարությունը նույնքան հին է, որքան քաղաքակրթությունը։ Նախնադարում խոհանոցն ու բնությունը մեկտեղված էին, մարդիկ եփում ու ճաշում էին միևնույն միջավայրում՝ ներդաշնակ լինելով բնության հետ։ Համեղ ուտեստներ, թարմ օդ և խաղաղ բնություն, մի՞թե հրաշալի չի հնչում և այս ամենը վայելելու համար ամենևին էլ պետք չէ ճանապարհորդել ժամանակի մեջ․ սա հենց այն է ինչ առաջարկում է Riverside grill station-ը իր հյուրերին։
Մարմաշենի վանական համալիրի տարածքում գտնվող կայանը ստեղծվել է ONEArmenia կազմակերպության ֆինանսավորմամբ, այստեղ այցելուները կարող են համտեսել համեղ ուտեստներ՝ պատրաստված հմուտ խոհարարների կողմից՝ հենց բնության գրկում:
Գրիլ կայանի գործունեությանն ավելի ավելի լավ ծանոթանալու համար զրուցել ենք հիմնադիր Տիգրան Բարսեղյանի հետ։
Տիգրանը, թեև մանկուց շատ է սիրել խոհարարությունը, որպես հիմնական մասնագիտութուն ընտրել է ծրագրավորումը և արդեն տասը տարուց ավել է, ինչ աշխատում է այդ ոլորտում: Խոհանոցը իր տարերքն է, բայց նախընտրում է ինչ-որ բան պատրաստելու ընթացքը դարձնել ստեղծագործական աշխատանք և փոփոխել ավանդական դարձած բաղադրատոմսերը՝ ավելացնելով նոր բաղադրիչներ և ստեղծելով նոր համադրություններ: Իր մասնագիտական ոլորտում կայանալուց և մեծ հաջողություններ գրանցելուց հետո, մանկության երազանքները կյանքի կոչելու ժամանակն էր: Տիգրանի խոսքով, գրիլ կայան ստեղծելու միտքն առաջացել է ONEArmenia֊ի կողմից մեկնարկվող դրամաշնորհը տեսնելուց հետո. սա լավ հնարավորություն էր, որտեղ կար ազատություն ստեղծագործելու համար, որն էլ գրավել է իրեն: «Փորձառության սկզբնական տարբերակը լրիվ այլ էր, որի մշակման ամբողջ ընթացքից հետո ստացանք այն տեսքը, որն ունենք հիմա․ Ախուրյան գետի ափին սահմանված ճաշացանքով ընթրիք՝ շրջապատված հրաշագեղ տեսարանով»,- ասում է Տիգրանը:
Գրիլ կայանի տեսարանը հիանալի է։ Այն գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիրի մոտակայքում՝ Ախուրյան գետի ափին, թեև, ի շնորհիվ հարմարավետ գույքի՝ կարող են հեշտությամբ փոփոխել իրենց տեղակայման վայրը: Իսկ համեղագույն ուտեստները, որոնց բաղադրիչները ձեռք են բերվում տեղական շուկայից, էլ ավելի հաճելի կդարձնեն այցելուների ժամանցը: Այստեղ նրանք կարող են համտեսել բրուսկետաներ, գրիլ բանջարեղեն, ստեյք՝ համեղագույն սոսուսով, հեղինակային աղցան, գարեջուր, հյութ, սուրճ կամ թեյ։ Ամեն ինչ հստակ սահմանված է՝ և՛ մատուցվող ուտեստների ցանկը, և՛ պատրաստման հերթականությունը: Տիգրանը նշեց, որ հյուրերին հատկապես գրավում է, երբ նրանք կարող են անմիջական մասնակցություն ունենալ պատրաստման գործընթացին. «Նրանք կարող են մասնակցել բրուսկետաների պատրաստմանը։ Դրանից հետո մինչ վայելում են արդեն պատրաստի բրուսկետաները և աղցանը, մենք պատրաստում ենք բանջարեղենը և ստեյքը»։
Ճաշացանկն էլ ավելի յուրահատուկ է դառնում աշնանը և ձմռանը, երբ ստեյքին փոխարինում է Գյումրվա ավանդական քյալլան՝ մատուցված շատ տաք վիճակում: Այն նպատակաուղղված է տարածաշրջանի խոհարարական ավանդույթների պահպանմանը և հանրայնացմանը: Այս հսկայական աշխատանքը ներկայումս համակարգվում է Տիգրանի և իր դասընկերոջ կողմից, ովքեր մեծ սեր ունեն դեպի խոհարարություն: Իսկ ծրագրի շարունակականության մասին խոսելիս Տիգրանը նշեց, որ ունեն շատ մեծ ծրագրեր, որոնք, սակայն չցանկացավ բարձրաձայնել՝ հաստատելով, որ դրանց մասին շուտով լսելու են բոլորը:
Ավարտելով զրույցը՝ Տիգրանը կիսվեց իր խորհրդով. «Չվախենալ ռիսկի գնալուց, հատակապես, եթե դա այն գործն է, որը դուք սիրում եք։ Դա նշանակում է, որ պատրաստ եք օրվա 25 ժամը տրամադրել այդ գործին՝ երազելով և իրականացնելով․․․»:
Կոնտակտային տվյալներ՝ ինստագրամ
Նկարների հեղինակային իրավունքները պատկանում են Riverside Grill Station-ին և ONEArmenia-ին:
Հեղինակ՝ Հասմիկ Թոփչյան