ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Ավանդույթներից մինչև գաստրոնոմիական հաճույք. «Վահանատուն»

Քաղաքային առօրյայից և ամենօրյա աժուտաժից մի քանի օրով կտրվելու համար Հայաստանում կան մի շարք տարբերակներ, որոնցից առանձնահատուկ է «Վահանատուն» հյուրատունը՝ իր տեղանքի յուրահատկության և մշակութային մեծ ժառանգության շնորհիվ:

Վահանատունը գտնվում է այնտեղ, որտեղ անթիվ ու անվերջանալի թվացող սարերով ավարտվում է Շիրակի մարզի սահմանները, ուր դեռևս 4-րդ դարում է կառուցվել հայկական ճարտարապետության գլուխգործոցը՝ Երերույքը, որտեղից ընդամենը մի քանի քայլ է Հայ-թուրքական շփման գիծը, Ախուրյան գետն ու միջնադարյան բերդաքաղաք Անին։

Պարզելու համար, թե ովքեր են կանգնած հյուրատան պատմության հիմքերում, զրուցել ենք համահիմանդիր Անի Թումասյանի հետ:

Ի սկզբանե հիմնադրված «Շաղլե Գյումրին» Գյումրու այցելուների սիրելի վայրերից մեկն է: Այստեղ նրանք կարող են փորձել համեղ ուտեստներ և մասնակցել խոհարարական տարբեր դասընթացների, որոնք ներկայացնում են տեղի խոհարարական մշակույթը: Նպատակ ունենալով ընդլայնել իրենց նախաձեռնությունը՝ Վահան և Անի Թումասյանները հիմնում են «Վահանատունը», որը պիտի դառնար գյուղի մշակութային կենտրոնը և նպաստեր տարածաշրջանի զարգացմանը. «Վահանատան ստեղծմանը մասնակցել են նաև մեր լավագույն բարեկամները սփյուռքից՝ Հերման Խնդիրեանը, Շաքե և Նարվիկ Փերյանները, Լևոն Չաքմաքյանը, Սերգեյ Ղարախանյանը և Արթ Վարդանիանը»,- ասում է Անին՝ խոսելով հյուրատան հիմնադրման մասին:

Հիմնադիրները հատկապես կարևորում են սահմանամերձ տարածքների տնտեսական աճի խթանումը, որը մի շարք խնդիրների պատճառով տարիներ շարունակ մնացել է ստվերում, իսկ այս մշակութային կենտրոնի օգնությամբ փորձում է քայլ առ քայլ առաջ գալ և կարևորվել:

«Վահանատունը» իր այցելուներին առաջարկում է հարմարավետ սենյակներ, հյուրասրահներ և փայտից պատշգամբ, որտեղ սրճելը ինքնին հաճույք է: Թեև հյուրատունը գտնվում է սահմանային տարածքում, հիմնադրի խոսքով, այն իր կոմունալ հարմարություններով չի զիջում մայրաքաղաքում գտնվող որևէ հյուրատան:

Համալիրն ամբողջությամբ իսկական թանգարան է. բակում կամարներով կառույցի ամբողջ պատերը զարդարված են հին գյուղգործիքների եզակի ցուցանմուշներով, իսկ մինչ հյուրատուն հասնելը այցելուները շրջայցի հնարավորություն կունենան փոքրիկ թանգարանում, որտեղ պատկերված են Հայկական ԽՍՀ խորհրդային կյանքի առօրյան՝ կահույքից մինչև լուսանկարներ: Ստեղծված միջավայրն էլ ավելի յուրահատուկ են դարձնում մատուցվող ավանդական ուտեստները՝ ավելուկը, էրիշտան, չեչիլ պանիրը, բոքոն հացն ու մածունը:

Գաղտնիք չէ, որ Շիրակի մարզը հայտնի է իր ավանդական ուտեստներով, որոնք հիմնականում ունեն բուսական ծագում: Այդպիսի ճաշատեսակ է «Էրիշտան», որի մասին նույնիսկ երգեր են երգվել, քանզի պատրաստման գործընթացը վերածվել է ծեսի: Սերնդեսերունդ փոխանցված այս ավանդույթը մինչ այսօր պահպանվում է «Վահանատանը», որտեղ հյուրերը կարող են մասնակցել էրիշտայի պատրաստման ընթացքին և հաղորդ լինել նախնիներից ժառանգած արժեքներին:

Հատուկ այն հյուրերի համար, ովքեր առավել նախընտրում են ակտիվ հանգիստ, ստեղծված է համապատասխան հարմարությունները: Նրանք կարող են մասնակցել ամենագնաց մեքենայով մոտակա՝ 5-10 կմ շառավիղով ճանապարհորդությանը՝ պատմաշակութային վայրերի ուղղություններով և հիանալ Շիրակի գաղտնիքներով ու սերնդեսերունդ փոխանցված արժեքներով:

Ավարտելով զրույցը Անին իր խորհուրդը տվեց բիզնեսում սկսնակների՝

«Ստեղծեք յուրովի բիզնես, հաղթահարեք դժվարությունները՝ ստեղծագործելով և արարելով։ Միշտ նայեք առաջ»:

Կոնտակտային տվյալներ՝ ֆեյսբուք, ինստագրամ

Նկարների հեղինակային իրավունքները պատկանում են Վահանատանը և ONEArmenia-ին:

Կիսվել նյութով