Ըստ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների Շիրակի մարզը մնում է առաջատար՝ աղքատության ցուցանիշով։ Մարզում առկա, անվերջ թվացող խնդիրները բնակիչները փորձում են լուծել իրենց հնարավորությունների սահմանում՝ ստեղծելով նոր բիզնեսներ և զարգացնելով տարածաշրջանի տնտեսությունը։ Այդպիսին է North Adventures արկածային ակումբը, որի գլխավոր նպատակն է մարզում զբոսաշրջության զարգացումը՝ ակտիվ և էքստրեմալ հանգստի կազմակերպման միջոցով։
Սնոուբորդինգ, կայտսֆերինգ և այս ամենը ոչ թե կադրեր են ֆիլմից, որը պետք է դիտել այլ դուք կարող եք դառնալ դրա մասնակիցը Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում:
12-13 տարի առաջ Շիրակի հյուսիսում, որտեղ ստեղծված են իդեալական պայմաններ ձմեռային սպորտաձևերի զարգացման համար, Տիգրան Պետրոսյանը և ընկերները՝ առանց որևէ շահույթ հետապնդելու, զարգացրել են կայտբորդինգի ձմեռային տարբերակը և սիրահարվել իրենց աշխատանքին: Տիգրանն ասում է, թե Կայտբորդինգը քամիների և բնության ներդաշնակության մասին է:
Տարիներ շարունակ լինելով այս ոլորտում և ձեռք բերելով մեծ փորձառություն՝ հիմք է դրվել մի նոր հանգստի տարբերակի: Կայտբորդինգի իրականացման համար պարտադիր պայման է քամին, որի բացակայությունը շատ հաճախ թույլ չէր տալիս բնականոն հունով կազմակերպել աշխատանքները, և պատահում էր, որ մեկնող խումբը կարող էր ժամերով սպասել լեռներում և այստեղից էլ սկիզբ է դրվում մի նոր նախաձեռնության, որը հիմնադիրները կոչում են «Լեռնային թերապիա»:
Մինչ այցելուի որոշված տեղանք հասնելը, այնտեղ նախօրոք պատրաստված է ամեն ինչ, հաշվարկված է յուրաքանչյուր ռիսկ և դետալ, պատրաստ է արշավական հարմարավետ գույքն ու հյուրասիրությունը:
Խոսելով «Լեռնային թերապիայի» առավելություններից՝ հիմնադիր Տիգրան Պետրոսյանը նշեց, որ այն հարմարեցված է եղանակային պայմաններին, օգտվելով այս ծառայությունից տարվա ցանկացած եղանակի, դուք կզգաք բնության հմայքը և էներգետիկան:
Իր գործունեության երկար տարիների ընթացքում «North Adventures»-ը, որպես մարտահրավեր դիտարկում է եղանակային ոչ բարենպաստ պայմանները և կլիմայի փոփոխությունը: Հիմնադրի խոսքով նախորդ տարում Հայաստանի հյուսիսում գրանցվել է անոմալ ձմեռ, երբ մեր երկրի ամենացուրտ տարածաշրջանում՝ Աշոցքում՝ 2000 մետր բարձրության վրա, եղել է շատ քիչ ձյան շերտ:
Թեև նախաձեռնությունը նոր է, արդեն իսկ հասցրել է բազում հաջողություններ գրանցել, որոնցից առավել նշանավոր է ընկերության գրասենյակի ֆիզիկական տեղափոխումը Գյումրուց Աշոցքի տարածաշրջան՝ Սեպ լեռան ստորոտին, իսկ հոկտեմբեր ամսվա կեսին «Լեռնային թերապիան» պատրաստվում է ներկայանալու Իտալիայում անցկացվող «Լեռնային նորարարության փառատոնին», որպես զբոսաշրջության ոլորտում նորարարական գաղափար:
Մեր ավանդական հարցին, թե ի՞նչ խորհուրդ է տալիս, բիզնեսում առաջին քայլերը անողներին Տիգրանը պատասխանեց՝ «թեև մենք էլ վերջերս ենք սկսել զբաղվել հիմնական բիզնեսով և դեռևս ինքներս ենք խորհուրդներ ընդունում փորձառուներից, ներքին համոզմունք ունենք, որ շատ պիտի սիրես այն գործը, որով զբաղվում ես, իսկ եթե աշխատանքդ քեզ հաճույք չի պատճառում, ապա փորձիր այլ բան և հաջողիր»:
Նկարների հեղինակային իրավունքները պատկանում են «North Adventures»-ին և ONEArmenia-ին:
Հեղինակ՝ Հասմիկ Թոփչյան: