ARMSME

Մի բաժակ բնություն․ «Դարման» բնական թեյերի պատմությունը

2022 թվականին ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային ցանկում ընդգրկվել է Տավուշի մարզում խոտաբույսերի հավաքչությունը` «Տավուշի մարզում վայրի բույսերի և մրգերի հավաքման ավանդույթը» խորագրով, որը սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթ է։ Տեղացիները վարժ տիրապետում են այդ արվեստին, նրանք հասկանում են, թե որ բույսը ինչ նպատակներով և երբ պետք է օգտագործել՝ առանց որևէ մասնագետի միջամտության։ 

Դեռևս 5000 տարի առաջ Տավուշի բնակիչները խոտաբույսերից պատրաստում էին բուժիչ թուրմեր և թեյեր: Իրենց սեփական մաշկի վրա զգալով տարածաշրջանի խոտաբույսերի բուժիչ հատկությունը՝ Տավուշում ապրող Նազանյանների ընտանիքը որոշեց հիմնել սեփական բիզնեսը՝ «Դարմանը», և կիսվել իրենց գիտելիքներով։ Հին հայերենում դարման նշանակել է դեղամիջոց, բուժում: 

«Դարմանը» փորձում է վերացնել սահմանները և մարդկանց մոտեցնել բնությանը: Բերդի լեռներում այցելուները հնարավորություն կունենան համտեսելու թուրմեր, որոնք կստեղծեն հենց իրենք կամ կփորձեն արդեն իսկ եղած տարբերակները և այդ ամենը կուղեկցվի մեդիտացիայով, որը միջավայրին կհաղորդի առանձնահատուկ էներգիա:

Հիմնադիր Ռուզաննան ասում է, որ բնությունը վերահսկում է: Տեսություն կա, որ եթե մեկ տարի կոնկրետ բույս կա ավելի շատ, քան նախորդ տարիներին, ապա դա նշանակում է, որ մարդիկ այդ տարի դրա կարիքն ավելի շատ ունեն: 

Հայաստանում յուրաքանչյուր 1000 քառակուսի կիլոմետրի վրա աճում է 104-107 բուսատեսակ, որից 6,5%-ն ուտելի է։ «Դարմանի» համար օգտագործվող ողջ հումքը հավաքվում է վայրի բնությունից, որի համար աշխատում են տեղացի 50 բնակիչներ, իսկ 15-ը զբաղվում են փաթեթավորմամբ: Այս մասին Ռուզաննան ասում է. «Մենք ստեղծում ենք աշխատատեղեր՝ աջակցելով տարածաշրջանային տնտեսությանը և համագործակցելով ոչ առևտրային կազմակերպությունների հետ, որոնց թվում է NABU Armenia-ն, որը զբաղվում է հայկական բնության էկոհամակարգի պահպանմամբ, առաջնահերթություն է տալիս կարևորագույն էկոլոգիական խնդիրների լուծմանը»:

«Դարման» թեյերի ողջ արտադրության ցիկլը վերահսկվում է արտադրամասի կողմից և հենց դրանում էլ կայանում է այս թեյերի ողջ յուրահատկությունը, երբ ամեն ինչ արտադրվում է տեղում: Բացի այդ, այստեղ բուսական արտադրանքը պատրաստվում են ամբողջական տերևներով և ծաղիկներով, ոչինչ չի մանրացվում, որ թեյերում պահպանվի յուրաքանչյուր վիտամին և առողջարար հատկություն: 

Բուսական թեյերն իրենց բազմաթիվ բույրերով և համերով, ոչ միայն կարևոր են ձեր առողջության համար, այլև կօգնեն լիցքաթափվել ու հանգստանալ սթրեսային օրվանից հետո, իսկ հայկական արտադրության Դարման թեյերը՝ իրենց լայն ընտրանիով՝ հավելյալ կախարդանքով ու էներգիայով կլցնեն ձեր օրը:

Գնե՛ք հայկականը, ի շահ Հայաստանի և հայ արտադրողի։

Նկարների հեղինակային իրավունքները պատկանում են Դարմանին և ONEArmenia-ին:

Հեղինակ՝ Հասմիկ Թոփչյան

Կիսվել նյութով