ARMSME

Երբ մեկտեղվում են բնականն ու գեղեցիկը․ Soap House Yerevan

Վերջին տասնամյակների ընթացքում կոսմետիկայի համաշխարհային շուկան զգալիորեն աճել է։ Կոսմետիկ արտադրանքի նկատմամբ սպառողների հետաքրքրությունը շարունակում է աճել՝ հենվելով նորարարության, գովազդի և սոցիալ-մշակութային միտումների վրա: Ներկայումս համաշխարհային շուկայում կան մի քանի հզոր առաջատարներ, ովքեր գտնվում են կոսմետիկայի արդյունաբերության կենտրոնում:

Այս արագ փոփոխվող թրենդների և բնական արտադրանքի նկատմամբ աճող հետաքրքրության աշխարհում երևանյան Soap House բիզնեսը շուկայում իր անունն է ձեռք բերել՝ առաջարկելով բնական կոսմետիկայի լայն տեսականի:

Soap House-ը ստեղծվել է 2019 թվականին, երբ հիմնադիրը` Հուրի Կուլկուլտճյանը, լինելով կենսաքիմիկ, որոշել է իր գիտելիքներն օգտագործել սեփական բիզնեսը ստեղծելու համար։ Նրա խոսքերով՝ ընտանիքն ընդլայնելուց՝ 2-րդ երեխայի ծննդից հետո հարմար աշխատանք գտնելու անկարողությունը խթան է դարձել սեփական բիզնեսը ստեղծելու համար։

Մարմնի սկրաբներ, յուղեր և տարբեր տեսակի օճառներ․ Soap House-ի ողջ արտադրատեսակը պատրաստված է բնական բաղադրիչներից, որն էլ ի ցույց է դնում ընկերության հավատարմությունը որակի և բնական բաղադրիչների նկատմամբ:

Բնությամբ ներշնչված կոսմետիկան բերում է քնքշության զգացում։ Թվում է, թե այն մաշկին նոր կյանք է հաղորդում՝ պարուրելով նրբության և թարմության բարակ շղարշով: Ծաղկային բույրերը, նուրբ հյուսվածքները և փափուկ երանգները բնորոշ են Yerevan Soap House-ի կողմից առաջարկվող տեսականուն:

Գաղտնիք չէ, որ ցանկացած հաջողության հիմքում ընկած է բարդ և խոչընդոտներով լի ուղի։ Խոսելով դժվարությունների մասին՝ Հուրին ընդգծում է, որ ինչպես ցանկացած բիզնես, այնպես էլ Soap House-ը մինչ այսօր բախվում է տարբեր դժվարությունների՝ հումք ձեռք բերելուց մինչև արտադրանքի վերջնական մշակումը։ Այնուամենայնիվ, ընկերությունը հուսահատվելու փոխարեն մարտահրավերներն ընկալում է որպես աճի և կատարելագործման հնարավորություն, իսկ բիզնեսում սկսնակներին խորհուրդ է տալիս չընկճվել, շատ աշխատել և նշում, որ շուկայի և պրոդուկտի մանրամասն ուսումնասիրությունը կդառնա նրանց հաջողության բանալին։

Եզրափակելով կարելի է նշել, որ Հայաստանում կոսմետիկայի արտադրության բիզնեսը հեռանկարային ոլորտ է, որը կարող է նպաստել տեղական տնտեսության զարգացմանը։ Նորարարության խթանումը, տեղական ապրանքանիշերին աջակցելը և որակի ստանդարտների ամրապնդումը կարող են օգնել ամրապնդել հայկական կոսմետիկա արտադրողի դիրքերը ինչպես ներքին, այնպես էլ համաշխարհային շուկայում:

Գնե՛ք հայկականը՝ ի շահ հայ ձեռներեցի և Հայաստանի տնտեսության։

Կիսվել նյութով