ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Անձնական բրենդինգը, որպես մասնագիտական հաջողության գրավական․ BeBrand

Մեր օրերում, երբ տեղեկությունը տարածվում է վայրկյանների ընթացքում, իսկ  մրցակցությունը յուրաքանչյուր ոլորտում գնալով ավելի ու ավելի է սրվում՝ մասնագիտական իմիջի ձևավորման և հանրությանը ճիշտ ներկայանալու հարցը ավելի քան արդիական է դառնում։ 

Այս մարտահրավերներին դիմանալու համար կան մի շարք մեթոդներ, որոնք կօգնեն ձեզ ոչ միայն աչքի ընկնել հանրության մեջ, այլև ստեղծել անհավատալի տպավորություն մասնագիտական ​​անհատականության մասին:

Հենց այս խնդիրների լուծմանն է ուղղված Լառա Աթոյանի նախագիծը։ Լինելով մոտ 10 տարի այս ոլորտում, զբաղվելով մենթորությամբ և ամբողջությամբ ուսումնասիրելով ոլորտն ու առկա հիմնախնդիրները՝ Լառան սկիզբ դրեց նոր գաղափարի և ստեղծվեց BeBrand-ը։ Խոսելով կազմակերպության հիմնական գործունեության մասին՝ հիմանդիրն ասում է․

  • «Մենք առաջարկում ենք անհատների և հանրային անձանց մասնագիտական հեղինակության բարձրացում` բրենդինգի և մարքեթինգի ծառայությունների միջոցով։ Մեր սոցիալական նպատակն է մարզաբնակ երիտասարդներին աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում, օգնել ձեռք բերել մասնագիտացում և աշխատել հեռավար (ֆրիլանս) տարբերակով»‎։

Իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գործատուների ավելի քան 57 % -ը հարցազրույցի չեն հրավիրում այն թեկնածուներին, որոնց չեն գտնում օնլայն հարթակներում։ Ստացված արդյունքները ավելի ակնհայտ են դարձնում BeBrand-ի կարևորությունը մեր օրերում, քանի որ առաջարկվող ծառայությունները՝ անհատական մոդելները, օգնում են մասնագետներին մեծացնել իրենց պահանջարկը շուկայում և վայելել հեղինակություն։ Պետք է նշել, որ ընկերությունը հիմնական շեշտադրումը դրել է անհատների բրենդինգի վրա, այլ ոչ թե կազմակերպությունների։ 

Սակայն այս ամենից զատ հիմնադրի խոսքերով նրանք առավելագույնս կարևորում են իրենց գաղափարի սոցիալական ազդեցությունը, որը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ աջակցություն են ստացել Impact Hub Yerevan-ի կողմից։

Խոսելով նախագծի սոցիալական ազդեցության և առաջիկա պլանների մասին՝ Լառան նշեց, որ ներկայումս մշակում են մոբայլ հավելված, որը թույլ կտա արհեստական բանականության օգտագործման միջոցով վերազինվել գիտելիքներով և հավելվածին տրամադրելով մասնագիտական խնդիրների մասին տեղեկություն՝ ստանալ անհատական մասնագիտական աճի քարտեզ։ Իսկ հավելվածի երկրորդ ֆունկցիան կլինի թեստերի՝ խաղերի մեթոդով երիտասարդներին օգնել հասկանալ սեփական ուժեղ և թույլ կողմերը, չափել հնարավորությունները, հասկանալ, թե որ մասնագիտության հետ կապված ինչ գիտելիքների կարիք ունեն, ապա տրամադրել ինքնուսուցման մեխանիզմներ:

Շարունակելով խոսել ապագայի պլանների և բիզնեսի ընդլայնման մասին Լառան նշեց, որ պատրաստ են ընդլայնել թիմը, որի համար էլ BeBrand-ին կից գործում է «DeEduc» (Developing Education) բարեգործական նախագիծը, որի միջոցով երիտասարդները ստանում են հնարավորություն՝ կրթվելու և ձեռք բերելու մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն։ Բարձր ցուցանիշներ գրանցած մասնակիցները հնարավորություն կունենան ֆրիլանս տարբերակով աշխատելու BeBrand սոցիալական ձեռներեցությամբ զբաղվող մարքեթինգային ընկերությունում։

Եզրափակելով՝ հիշեք, որ ձեր պրոֆեսիոնալ կերպարն ավելին է, քան պարզապես այն, ինչ տեսնում եք հայելու մեջ: Դա ձեր ձեռքբերումների և արժեքների հավաքական կերպարն է: Ձեռքի տակ ունենալով անձնական բրենդինգը՝ դուք կարող եք հաջողել և հասնել մասնագիտական բարձունքների։

Կիսվել նյութով